Sunday 26 August 2018

Ցորենի արտում մի հասկ լինեի


Ցորենի արտում մի հասկ լինեի,
Լինեի մի հասկ ցորենի արտում,
Որ իրիկնամուտին դու տուն դառնալիս,
Ինձ էլ շոյեիր,
Շոյեիր դու ինձ մատներիդ անուշ սեթևեթանքով ու ամեն անգամ
Արտի պռունկներով մատներդ սահեցնելիս
Ինձ էլ շոյեիր...
Իսկ եթե մատներդ հարևանիս հասնեին, անցնեին ու ինձ`
Խոնարհաբար հերթիս սպասողին, այդպես էլ չդիպչեին:
Մտածում էի...
Հին տան բակում առանց հյուրի մնացած նստարան լինեի,
 Նստարան լինեի առանց հյուրի մնացած, որ ինձ այցելելիս
Թուլությունս առնեիր ու գրկեիր,
Հաշվի չառնելով, որ տախտակներս այնքան են մաշված ու փտած,
Որ փոխելու հարկ կա հապճեպ,
Թուլությունս առնեիր ու գրկեիր...
Իսկ եթե փոխեն ինձ այնժամ, երբ դու գաս ինձ այցի
Ճռռացող հոգնությունս փրկելու համար...
Մտածում էի...
Անհնար է, որ դու այցի ինձ գայիր ու
Չփարվեիր իմ հոգու հովին:
Հավատում էի...

Հասկս խոնարհվել ու հողն է գրկել,
Իսկ նստարանս փոխել են նորով,
Թուլությունդ առած ու գրկած շոյում եմ հիմա...

Saturday 25 August 2018

Ու՞մ ես դու նման...

Դու ի՞նչ կկարծես այն մարդու մասին,
որը տաքանալու համար
գրքեր է այրում,
Ու ի՞նչ անուն դու կտաս
իր պապի տնկած ծառը
հատել փորձողին,
Բացատրություն ունե՞ս այն մարդու համար,
որ կենաց վտանգով աշխարհ է բերում մեկին,
որն առանց երկմտելու մի օր կլքի նրան...
Ու ո՞վ է ըստ քեզ այն մուրացկանը,
որին արդար քրտինքով վաստակած դրամ ես տալիս
 ու գտնում հետո արտացոլանքը դրա դատարկ շշի մեջ...
Հավանաբար, կկարծես, որ ապերախտ են,
անխիղճ ու անարժան...
Իսկ ու՞մ ես դու նման...

Wednesday 22 August 2018

Ես մեկնեցի...


Ես մեկնեցի սերը հարյուրավոր երգերի,
 տարատեսակ բառերի ու բառախմբերի միջոցով,
 բայց անմեկնելի եղար դու...

Իսկ թե դու սերն ես,
ապա մեկնելու թեկուզ քարքարոտ,
բայց ճշմարիտ ու անբեկանելի ուղին ինձ ցույց տուր,
Իսկ թե դու ես սերը,
անտաղանդ հեղինակիս գրած երգի համար թևեր` 
մեղեդիներ երկնիր ու...
Ու թե սերն ես դու,
իմ այս խրթին ու երկնաբնակ պատմության
պակաս տառերը լրացրու,
Ու մի´ անտեսիր լուսաբացին
 քեզ արթնացնել ցանկացող
աքլորականչը,
Գուցե իմ հոգու ճիչն է արձակում,
որ արթնացումդ իմաստուն թվա,
ոչ թե լոկ ստիպված պարտավորություն:
Մի թող, որ սիրտս կծկվի այսպես,
 երբ անգույն քո ստվերն է երազիս գալիս
 ինձ ի տես,
 Եվ, ուրեմն, կա´մ երազս լքիր,
կա´մ ինձ մի լքիր ու այնպես արա,
որ ներկայությունդ ես զգամ ամենուր:
 Այնպես արա, որ ես գետն անցնելիս
քո ուսի նման վստահեմ իր ողջ երկայնքով ոտքերիս առաջ
 ընկած գերանին այն հին:
Այնպես արա, որ հենվելով քո`
երևակայությանս կողմից վրձնած պատկերին,
զգամ ուժ ու ստանամ այդքան բաղձալի ուժեղ չլինելու թույլտվություն:
Թեկուզ ժամանակավոր, բայց թույլ տուր,
որ մեկնվեմ կանաչի վրա ու կուրանամ արևի ինձ
այդքան արագորեն տաքացնել փորձող շողերի գրկում,
թե դու չես գրկում:


Ես մեկնեցի սերը հարյուրավոր երգերի,
 տարատեսակ բառերի ու բառախմբերի միջոցով,
բայց անմեկնելի եղար դու...

Saturday 18 August 2018

Մենություն



Մոռացված աղբյուրի պես հոգուս պատերն այնպես են մամռակալել,
որ անգամ քերելու դեպքում հետքեր կմնան ու չի հղկվի այն,
 ինչ կոչվում է մենություն:
Իմ հիշողությունն է միայն, որ հղկվում է անընդհատ քո ջրվեժի պես
հորդող խոսքերից, որոնք ամենուր սփռել ու գանգատվում ես,
թե լսող քեզ չկա:
Իմ աչքերի առաջ հորիզոններ են. կանաչ` ոտքերիս տակ ու կապույտ,
 երբ աղոթք եմ ասում առ Աստված ու
նայում երկինք
Ես տեսնում եմ իրար հաջորդող ու տարիքն արդեն առած այգու բնակիչներին,
 որոնց կնճիռներն արդեն ակոսից խոր են ու
ասելիք ունեն.
Բողոքում են, որ քո այդ մատները չեն խնամում իրենց ու այդ է պատճառը,
որ քեզնից այդքան նեղացել, տեսքով լայնացել, բայց
պտուղ չեն տալիս:
Դու էլ զարմացել, եկել ու նստել ես փտած ու գունաթափված նստարանին
ու փնտրում ես կյանքդ քաղցրացնող մեկին,
ու չես նկատում եսիցդ անդին:        
Մոռացված աղբյուրի պես հոգուդ պատերն այնպես են մամռակալել,
որ անգամ քերելու դեպքում հետքեր կմնան ու չի հղկվի այն,
 ինչ կոչվում է մենություն:


Sunday 5 August 2018

Դուռը

Այցելեցի Քեզ կրկին ու հյուրերիդ 
լիությունից ինձ դատարկ զգացի,
Չեմ հասկանում:
Տունդ այնքան հյուրընկալ է այս 
ամռան տապին, որ հազվադեպ
 հանդիպող քամին անսանձ
 ձիու պես տունդ մտնել է շտապում: 
Ապաստան է փնտրում:
Քամին ներխուժելով` դռներդ փակում է 
ու եթե անգամ քար ես դնում դռան տակ, 
Հաճախ չի դիմանում:
Սպասավորդ, գործն իր թողնելով,
 շտապում է դուռդ բաց պահել,
Սակայն նրան չի հաջողվում:
Դռան ուժեղ ձայնից մեր զրույցն
 ընդհատվում է ու, փորձելով չկորցնել 
մեր խոսակցության թելերը, ինքս եմ 
շտապում քարը դռան ոտքերի տակ դնել:
Եվ թեպետ ինձ թվում է, որ աշխարհում
 ոչինչ ի զորու չէ պայքարել կատաղած քամու
 դեմ, պայքարում է քարն այդ մի հատիկ:
Զարմանալի է, բայց դրանից հետո դուռդ
 այլևս չի փակվում, ու ես, նայելով վերև, 
Քեզ լոկ մի խոսք եմ ուղղում` շնորհակալ եմ:
Պարզապես այդժամ երջանկություն էր, 
որ Քո տան դուռը ես բաց պահել ի զորու եղա,
Կկարծես` մանկամիտ եմ` երեխա:
Սակայն ինձ ավելին պետք չէ Քեզանից,
Միայն, որ տանդ դուռը հավերժ բաց մնա...


Friday 3 August 2018

(Չ)լինել



Չխառնվել պղտոր ջրին, չլինել բոլորի նման.
Չնմանվել:
Չդառնալ կեղծիքի ու վարագուրված շիտակի կրող.
Չստել:
Չանսալ չարի ու ապերախտի բարբառներին.
Չմոռանալ:
Չուտել մեղավորի խոր ափսեից.
Չսխալվել:
Չլինել բարուն անխղճորեն սպանողներից.
Չմեղանչել:
Հակառակը.
Լինել անբիծ ջրի կաթիլ, լինել տարբեր, յուրահատուկ.
Աննման լինել:
Ճշմարտություն. առանց քողի ճշմարտություն կրել.
Ճիշտն ասել:
Անսալ բարուն ու երախտագետ լինել.
Հիշել:
Անմեղին ազնիվ հատիկներով կերակրել.
Իրավացի լինել:
Լինել բարին ցանող մշակներից.
Արդարանալ:

Անգամ եթե սակավ բերքի տեր լինել,
Ապա` արդար: