Wednesday 28 November 2018

Իրականություն



Անհաստատ հետքեր, հաստատ ուղի,
Ու ամեն բան մեղադրանք ունի,
Բայց ոչ մեղավոր:

Հին հերակալ, նոր հարդարանք,
Ու մազեր մոլորված` նետելու ապրանք,
Սակայն կամակոր:

Մեծ տուն նեղլիկ քաղաքում,
Պատկեր, որ կարող ես կուլ տալ կում-կում,
Բայց մարսե՞լ արդյոք:

Մեկ հատ խաղալիք, լայն ծիծաղ,
Ծովեր անվերջ ու ծովեր ծանծաղ,
Սակայն որոնց ծանոթ է ամեն ոք:

Դանդաղ մի օր, արագ անցնող կյանք,
Հայացք հատակին, փուչիկ սեղանի տակ,
Բայց ոչ գունավոր:

Տառեր չիմացող աշխարհիկ, գիր սիրող գեղջուկ
Անհասկանալի դուռ ու ներկի մածուկ,
Սակայն պարզ ու մեկնության սովոր:

Աղբամանի մեջ մեռնող ծուխ, ապրել փորձող շիշ
Ձյան հաստ վերմակ, ապրում մի ուրիշ,
Բայց տարօրինակ:

Իրականություն:

Wednesday 21 November 2018

Գետեր կհոսեն․․․





Գետեր կհոսեն ու գետերի մեջ
Թիվ չունեցող շերեփուկներ,
Որոնք մի օր ձուկ են կոչվելու,
Ու լոկ որպեսզի տեսնվենք շուտով...
Եթե...
Ու թե տեսնվենք, ինձ սոխ կմեկնես,
Որ ինձ կրծող խինդը խենթություն չլինի,
Ու փութով գլորվեն բյուրեղներն իմ հոգու`
Ինչպես ձմեռները քո:
Գուցե թե...
Դեղին թղթերով տուն կշինեն,
Խնկի բույրով կշնչի շուրջը,
Մի բուռ ջուր կձուլվի գիպսե նյութի հետ
Ու քո ձեռքերի,
Որ տոչոր չլինես...
Ու թե...
Խենթություն է ու օրենք, միևնույն է,
Ջրերի մեջ խեղդվելու միտք չունեն
Ձեռքերն ու մտքերը քո,
Ու ոչ էլ հույսը,
Ջրելիս մեռնում է գեթ բույսը:
Մյուսը...

Saturday 3 November 2018

Երևան․ Շարժման մեջ արձանացած, թռիչքի մեջ վայրէջք կատարած



Շարժման մեջ

Երևանի կանգառները լի են մարդկանցով
Տպավորություն է՝
Բոլորն ինչ-որ բանի են սպասում:
Հաճախից էլ հաճախ
(եթե այդպես հնարավոր է)
Ապշում ես, որ Երևանի կանգառներում
Այդքան մարդ կա ու առավել, որ
Այդքան աչք կա, որոնք որոնում են հեռվում
Երևան եկող երթուղայինի հետագիծը

Երևանի կանգառներներում
Կանգ առ:
Պեկինը չէ:
Երևանն է:
Միլիոն մարդկանց քաղաք:
Թիվ չէ, թվական է`
2800:
Աշուն:
Խոնավություն:
Թոքաբորբի պատճառներ:
Նստարան:
Երթուղայինի դռանը կռթնած երիտասարդ
(
Զղջում, որ ընկերուհի չունի, որ վարսերի բույրը շնչի`
Երթուղայինի հարազատացած հոտի փոխարեն)
Վերադարձ իրականությանը:
Կանգառ:
Ծածկ չունեցող ու նաև հասակը ծածկող:
Կանգառ:
Կանգ առ
Երևանի կանգառներում:

Արձանացած

Քաղաքի կենտրոնում
(
կարելի է կարծել, որ քաղաքը կենտրոն ունի)
Առնո Բաբաջանյանի արձանն է:
Սիրված:
Չսիրված:
Ստացված
Չստացված:
Քննադատված:
Կարապի լճին հարող տարածքում իր երաժշտական գործիքի հետ կարելի է գտնել Բաբաջանյանին:
Ապրած:
Չապրած:
Ապրված:
Չապրված:
Արձանացած:
Առնոն այլ կողմ է նայում ու եթե անգամ տրորես փեշերը քո ցանկացած նկարը ստանալու համար,
Չի նկատի:
Ո´չ
Քիթը չի խանգարի:
Կխանգարի միայն երաժշտությունը`
Իր սերը
Երևանի կենտրոնում:
(
Քաղաքը կենտրոն ունի, բայց ուր էլ պտտվես, քեզ տուն է բերում)
Երևան:

Թռիչքի մեջ

Երևան:
Երկինք:
Երևանի երկինք:
Երևանի երկնքին եմ նայում
Ամեն առավոտ ու ամեն երեկո,
Երբ պատրաստվում եմ հրաժեշտ տալ իմ բակին…
Պատուհանագոգին դրված փշրանքը կտցահարած
Թռչունը տանում է…Տանում:
Տանում է գցում հարևանի
Մուտքի մոտ:
Երևանի մուտք:
Մուտք:
Երևան:

Վայրէջք կատարած

Մայր Հայաստանը,
Մեր բակի փոքրիկի մայրը
Վերևից հսկում է իր մանկանը,
Երեկոյի հետ տուն
Դառնալ կանչում։
Մայրը պատուհանից
Նայում է իր տղային,
Փնտրում է նա
Տատի հեքիաթը սերտել,
Խրատը հիշել փորձող մանուկի,
Իսկ Մայր Հայաստանը՝
Իր Երևանին։
Վերևից: