Saturday 18 October 2014

Խամաճիկս չափից թույլ սիրտ ունի

Երկար, շա՜տ երկար է թվում բաժանումը, երբ կարճ, շա՜տ կարճ է ժամանակը։ Ավելի ճիշտ, այն չկա, չկա՛, որ վատնես, չկա՛, առավելևս, որ ապրես։ Ու դու նորից քայլերդ ուղղում ես ծանոթ ճանապարհն ի վար, ապա՝ վեր ու նորից վար։ Ամենօրյա վազքը մոռացնել է տալիս սեփական եսիդ մասին ու թվում է՝ այդպես էլ կառուցված է կյանքը։ Ամեն բացվող օրվա հետ, դժվարությամբ դեռ նոր-նոր փակված կոպերդ բարձրացնում ես ու բարևում ամենալուսավոր ընծա արևին, բայց դժկամորեն ես դա անում՝ չգիտակցելով, որ իրականում բախտավոր ես քեզ տրված հնարավորության համար։


Է՜հ, այնպիսի զգացում է, որ կորցրել ես ժամանակիդ կառավարման թելը, բայց մոռացել ես, որ ինքդ ես կախված ժամանակից։ Իսկ այն այնքան անփույթ չէ ու իր «ձեռք» -երում ամուր պահում է թելից կախված այն խամաճիկին, որը ես ու դու ենք։ Հասարակ խամաճիկներ, որոնց ստվերները հզոր մարտիկների են նման։ Այդ ստվերները, թեպետ, իրական չեն, բայց իրենց մեջ ավելի շատ հույս կա, քան հայելու մեջ եղած արտացոլանքիդ ։
Ամեն օր տասնյակ, հարյուրավոր մարդկանց ես տեսնում, յուրաքանչյուրն էլ մի ցավ է կրում աչքերի՝ մեզ համար թերևս անտեսանելի խորքում։ Ու, գուցե, դրա համար է, որ մարդիկ, երբեմն, փորձում են խուսափել իրար հանդիպող հայացքներից, որովհետև ցավ կրող աչքերը ուրիշի ցավից էլ կարող են կուրանալ։ Իմ աչքերը երբեմն տեսնում են այդ ցավը, ու քանի որ չեն կուրանում, իրենց «ափ» -երից են ելնում ու խոնավացնում են այտերս, ու նորից հասկանում եմ, որ խամաճիկս չափից թույլ սիրտ ունի։

Ուզում եմ ապստամբել, կմիանա՞ս ինձ չեմ ուզում անբարբառ ստրուկի պես վազել, երբ ոտքերս ինձ հազիվ են ենթարկվում, ուզում եմ հայելու մեջ տեսնել մարտիկին, իսկ խամաճիկը թո՛ղ միանա ինձ, իբրև մի ստվեր մթության մեջ լուսարձակող։ Ես նրան մենակ չեմ թողնի, որովհետև նա է ինձ սովորեցնել զգացմունքների նավաբեկությունից փրկվելու արվեստը։