Thursday 30 March 2017

ԲԱրև


Գարնանը, երբ ամենից շատ
Սպասում ես արևին,
Անկոչ հյուրի պես
Այցի է գալիս միայն անձրևը։
Երբ սպասում ես կյանքդ
Ջերմացնող մարդու բԱրևին,
Բավարարվում ես լոկ
Փնտրելով հեռվում նրա պատկերը։
Հաճախ հենց այսպես՝
Առանց պատճառի,
Լավ իմանալով այս
Պարզ վիճակը,
Մենք դուրս ենք գալիս
Առանց անձրևանոցի։
Մենք հավատում ենք,
Թե այս եղանակը,
Մեզ չի թողնի թրջվել,
Այլ՝ հակառակը՝
Կփրկի սառնության գրկից,
Գարնան ճանկերից,
Նրա այտերից
Վար թափվող սիրուց։
Բայց, անգամ, երբեմն
Այս թյուր հավատամքը
Մեզ դարձնում է թույլ
Թույլ ու անզգա։
Մենք ծախսում ենք
Ունեցած ողջ ջուրը մի դույլ
Լոկ մաքրելու համար
Կեղտոտ հատակը,
Մինչդեռ երաշտ է,
Հոգում անապատ,
Իսկ մենք խենթի պես,
Փախչելով անձրևից,

Զրկվում ենք նաև նրա բԱրևից․․․

Monday 27 March 2017

Սևագիր


Ես ուզում եմ պատկերվել
Քո ձեռքով,
Անգամ եթե չհավանես
Քո իսկ ձեռքով նկարածը։
Ես պատրաստ եմ լինել
Հիմքն այն բանի,
Ինչ դու դժկամորեն
Բայց մեկ է՝ կոչում ես
Սխալների ուղղում։
Ու պատրաստ եմ
Համակերպվել լինել
Սևագիրը քո մտքերի՝
Չդառնալով մաքրագիր։
Բայց պատրա՞ստ ես
Դու դրան․․․
Դու կարո՞ղ ես տանել
Պարտությունը ուսերիդ,
Երբ հաղթողի քո կերպարը
Այցելում է երազիդ։
Դու պատրա՞ստ ես
Թողնել վերջին ավտոբուսը
Երբ լավ գիտես՝
Քայլելու ես շատ երկար,
Երբ չգիտես՝ կհասնե՞ս
Քեզ օտար, բայց
Մեկ է՝ ցանկալի
Այն կետին խամրող,
Որը նշմարվել է
Սև քո աչքերի կողմից։
Դու պատրա՞ստ ես
Դառնալ այն դուռը,
Որին հարվածում են
Կատաղության պահին,
Կամ պատրա՞ստ ես
Դու կոտրվել
Բաժակի պես ապակե,
Երբ քո մեջ են հաճախ
Խեղդել ցավը սրտի։
Դու պատրաստ չես
Ինձ անգամ սևագրել,
Իսկ ես հավատա՛,
Պատրաստ եմ
Մաքրագրել քեզ՝

Առանց սևագրելու․․․

Wednesday 22 March 2017

Ինչևէ



Կա՞ արդյոք ատելությանը սիրող լոկ մի Է․․․
Իսկ սիրուն շատերն են ատում․․․ ինչևէ․․․

Շատերն են փորձում կռվել անօգուտ,
Թեպետ սեփական գոյությունն է անգամ սուտ,
Շատերն են փորձում մոռանալ ցավը,
Ինչպես փարոսն անտեսող նավը,
Ինչպես վիրավորանքը հարազատ մարդու
Ու հին գրվածքը երեսին բարդու,
Շատերն են սևով սպիտակ նկարում,
Միայն թե սպիտակ այն չի երևում,
Չի հասկացվում ձեռագիրը պարզ,
Թեպետ հեղինակը գրել է վարժ,
Ամենքին հասկանալի մի լեզվով,
Մեռած է լեզուն, երբեմն՝ խռով։
Անհաստատ է այն իր գոյության մեջ,
Խոսքն է արժեզրկվել, դարձել՝ սնամեջ,
Մարդն է փակվել վանդակում սեփական,
Դարձել ինքն իրեն տանջող ուրվական,
Մղձավանջը հիմա ցերեկն են տեսնում,
Գիշերն աղոթքով մոռանալ փորձում,
Հիմա սլաքն է մեր ետևից վազում,
Մեր ընթացքից աշխարհն է հոգնում։
Մենք սկսել ենք խոսել մեկ լեզվով,
Բայց պատասխանել այլերենով,
Մեկ այլ լեզու է այդ այլերենը,
Որում ատելը սեր է, իսկ սեր՝ ատելը։

Կա՞ արդյոք ատելությանը սիրող լոկ մի Է․․․
Իսկ սիրուն շատերն են ատում․․․ ինչևէ․․․


Wednesday 8 March 2017

Ու դու լռում ես․․․


Երբ դու լողում ես,
Բայց ընթացքդ հոսանքին հակառակ է,
Այդժամ լողալդ
Նման է սևերով խաղացող
Սկսնակ մի շախմատիստի, որը
Մրցում է աշխարհում համար մեկի դեմ։

Երբ դու թռչում ես,
Բայց վարէջքդ անհատակ է,
Այդժամ թռիչքդ
Նման է ձյան տակ կիզիչ արևի սպասող
Մի անհույս լավատեսի, որը
Գիտի թե դեկտեմբերից հետո մայիս է գալիս։

Երբ դու արթուն ես,
Բայց քունդ դեռ չի բաժանվել երազից այն,
Այդժամ արթնացումդ
Նման է վարդերի մեջ ձնծաղիկ փնտրող
Մեկի, որը հույս ունի գտնել
Վերջին վկային ձմեռվա ցրտի։

Երբ դու խոսում ես,
Բայց չես ցանկանում կոտրել լռությունն այն,
Այդժամ խոսքդ
Նման է երեխայի չարության վրա
Բարկացող այն տատիկին,
Որը չի ուզում նեղացնել խեղճ փոքրիկին։

Երբ դու լռում ես,
Բայց հորդում են խոսքերը քո աչքերից,
Այդժամ քար լռությունդ
Նման է թղթին  հանձնվող
Մի խեղճ պատանդի,
Որը լավ գիտի՝ չկա փրկություն։

Ու դու լռում ես․․․