Thursday 31 August 2017

Ժամը մեկն անց է տասնինը րոպե


Ժամը մեկն անց է տասնինը րոպե
Ու ինձ հարևան շենքի յոթերորդ հարկում
Վառվող լույսը հանգիստ չի տալիս․․․

Անհանգիստ է հաստատ նաև նույն այդ
Լույսը հանգցնել չուզող անծանոթ մարդը
Տեսնես՝ ի՞նչն է, որ մտքին հանգիստ չի տալիս,
Գուցե թե սրտին․․․
Անհանգիստ ենք մենք ես, նա ու հարևան
Այն մեկը, որի չի երևում տեսադաշտում իմ,
Որը չի տեսնում նաև մեզ,
Որը չի տեսնում նրա բաց պատուհանը՝
Լույսը դուրս ցրող,
 Չի տեսնում և ինձ՝ մութը կլանող,
Ոչ այն յոթերորդ հարկի լույսն անշեջ,
Ոչ էլ իմ մթության մեջ վառվող աչքերը անքուն,
Չի տեսնում նա, բայց տեսնում եմ ես, որ
Մեզ կապում է մի պարզ ընդհանրություն,
Մի խեղճ գոյություն,
Մենք անհագիստ ենք պատճառի համար,
Գուցե՝ անպատճառ,
Բայց անհանգիստ ենք՝
Լույսի պատճառով կամ էլ թե շնորհիվ,
Մթության շնորհիվ ու պատճառով դրա,
Մենք անհանգիստ ենք
Ու չկա պատճառ, որովհետև շատ են
Պատճառները դրա։

Ժամը մեկն անց է տասնինը րոպե
Ու ինձ հարևան շենքի յոթերորդ հարկում

Վառվող լույսը հանգիստ չի տալիս․․․