Saturday 21 May 2016

ԱնԱրև կյանք


Գիտե՛ս` անարև կյանքս քեզ եմ կտակում,
Որ չտեսնեմ, թե շողերն ինչու են մարում,
Որ խելագարված եղանակի հետ
Անցած քո ճամփան դառնա ետ,
Որ քայլքից հոգնած քո ոտքերի հետ
Իմ վազքից հյուծված միտքը դառնա նետ
Ու սլանա՜, հասնի քե՛զ, արև՜,
Ինձ չմոռանա՛ս, կմնամ անթև,
Քո մտազբաղ հայացքն ընկնելով,
Փողոցն ի վար փութկոտ քայլելով,
Կհասնեմ բաղձալի, սառն այն աղբյուրին,
Ջրի ամեն կումը կապրեմ, կհենվեմ քարին,
Որբ հույսս էլ կկռթնի ինձ նման,
Ու տրվելով քամուն` երազ կդառնամ,
Կսլանամ այնժամ հույզերի ճամփով,
Անտեսված կլինեմ չգրված երգով,
Իմ մասին երգով, որն անանուն է,
Մի անտեսված, ավերակ տուն է,
Ե՜ս անարև մի հասարակ կես,
Էլ ո՜ւր մնաց, թե դու ինձ հիշես,
Գիտե՛մ` արև կյանքդ ինձ ես կտակում,

Որ չտեսնես, թե շողերն ինչու են այրում… 

Saturday 14 May 2016

Ճերմակ անուրջներ



Անուրջների գույնը ճերմակն է սոսկ, ճերմա՜կը,
Դրանց տերը բազմիցս մեկնել է կյանք այս կատակը,
Անրջելով` հասել է նա գույնի կատարելության,
Մոռանալով` մեղանչել է` ընդդեմ մարդկության,
Կուրացել է, երբեմն, ճերմակ հայացքից երազային,
Իրեն զրկել է տեսնելուց այդ գույնը եդեմային,
Չի հավատացել օրհնանքին այդ ազնվագույն,
Աշխարհիս տվել է մականունն այն «անգույն»,
Հոխորտանքն այդ վերածվել է, սակայն, աղոթքի
Ու մոռացնել տվել իրական երանգն անուրջի,
Հոգիները ներկվել են գույնով անմեկնելի,
Ու դանդաղել է հոսքը մի բուռ հավատքի,
Աղավնուն քարկոծել են ավետիսի համար,
Ու դարձել են գուժկաններն անհամար,
Մոռացել են, որ փետուրն այդ թռչնի ճերմակ է,
Ու գույնն այդ իրական, անգույն պատրանք է,
Վիրավոր է այժմ թռչունն այդ մարդաբույր,
Կարեվեր հավքին ներկի՛ր, ճերմակ սեր տո՛ւր,
Խլել ես նորից երկնուղեշ հեքիաթն այն,
Կոտրել ես սեփական թևերդ անձայն...
Դե՛, լռությունդ էլ ճերմակել է, արդեն,
Մի՛ թող պայքարդ, թեպետ, մնացել ես անզեն,
Մի՛ փակիր աչքերդ, մոտեցի՛ր ինձ դու,

Ճերմակ անուրջդ եմ, իսկ ո՞ւր ես դու...