Wednesday 24 August 2016

Հյուրը


Իրիկվա հովն է մենավոր սրտիս կրկին այցելել,
Եկել է այն ոչ ձեռնունայն, բազում նվերներ է բերել,
Բերել է մտքերի մի ամբողջ կապոց, որոնց արժեքը,
Հավանաբար, թանկ է գնահատել ճամփեզրի կշեռքը,
Բերել է նաև կարոտի մի ամբո՜ղջ, մի ողջ պարկ,
Իսկ այդ ծանրությանը տեղ չկա իմ հարկի տակ,
Բայց ես լա՜վ գիտեմ՝ հյուրի բերածն օրհնություն է,
Իսկ ետ դարձնել այն, իրոք որ, անշնորհքություն է,
Ու հետևում է, որ ես պետք է կրեմ այդ ծանրությունը,
Խոնարհ հավատամ, որ դա է իմ միակ օրհնությունը,
Բարյացկամ ընդունեմ ընծաները իրիկվա հովի,
Փորձեմ տեսնել դրանց օգուտն ու նմանեցնել արևի շողի,
Դրանք պահեմ մութ անկյունում իմ սենյակի,
Ու ամեն անգամ դրանց նայելիս հիշեմ ձայնը հովի,
Իսկ նվերներն իմ հյուրի դեռ այսքանը չեն,
Դեռ շա՜տ երկար ես դրանք կօգտագործեմ, 
Նվերների մեջ կա նաև հուսահատության մի արկղ,
Որն իմ հոգին կեղեքում է ինչպես մի անգղ,
Որն անմիջապես  հարձակվում է իր զոհի վրա,
Երբ նկատում է անպաշտպան վիճակը նրա,
Բերածների մեջ կա փայլուն ու գեղեցիկ մի տուփ,
Որն իր մեջ է պարփակել իրականությունը՝ սուտ,
Պատահական չէ, փաստորեն, գրավչությունը նրա,
Ախր, այլապես, սուտը գեղեցիկ երբեք չէր դառնա,
Անգին հյուրս բերել է նաև մի հաստլիկ փաթեթ,
Որում տեղավորված է համբերության մի շերտ,
Համբերության թերթեր են դրանք նմանը չունեցող,
Հյուրն իմ համբերությունը դարձրեց մի անծայր ծով,
Ու իմ արդեն ծով համբերությամբ ընդունեցի նվերը նրա,
Ես ճանապարհել  չշտապեցի, թողեցի՝ հանգստանա,
Իսկ առավոտյան հովն այն իրիկվա չքվել էր անձայն`
Թողնելով ինձ նվերներն ու դրանց ծանրությունն այն։

Saturday 20 August 2016

Մութը


Ես պառկած եմ մութ ու մռայլ իմ սենյակում
Ու թողնում եմ, որ մտքերն ինձ խժռեն անգութորեն,
Ես գիտեմ՝ վիճակին այս չկա ոչ մի բացատրություն,
Լույսն է անգամ ինձնից խուսանավում զգուշորեն,
Այն չի ուզում, որ ես տեսնեմ իր մոտալուտ գալուստը
Ու չի թողնում, որ գրկեմ իր իսկ բերած ջերմությունը,
Այն չնչին ու մեղկ մի բանի է վերածում իմ ապրուստը
Ու վերծանում առանց այդ էլ մերկ իր կազմությունը,
Ես չարանում, ամեն անգամ անիծում եմ նույն այդ մութը,
Բայց հենց մութն է հաճախ միակ հանգրվանս դառնում,
Ու չգիտեմ՝ որն է կյանքում ճիշտն ու սուտը,
Երբ ինքս ինձ ես արդեն վաղուց չեմ ճանաչում,
Ես մեկ սիրում, մեկ ատում եմ լույսն էլ, մութն էլ
Ու շատ հաճախ ես գերին եմ ճշմարիտի ու կեղծիքի,
Գիտեմ՝ հաճախ ճիշտ չեն անգամ սերն էլ, գութն էլ,
Մարդիկ սովոր են լինել տերն ու ծառան ամենքի։