Tuesday 31 July 2018

Լուսինը կախվել է ծովի վրա...



Լուսինը կախվել է ծովի վրա ու օրօրվում է մանկան սայլակի պես,
Պարզապես իրեն օրօրող չունի...

Ծովը հյուրընկալ տանտիրոջ նման փռել է հոգին հյուրի առջև,
Պարզապես թաքցնելու տարբերակ չունի...

Քամին հարևանի անկարգ մանկան պես թաքուն հետևում է երկուսի խոսքին,
Պարզապես խոսելու հնար այն չունի...

Թռչուն է մոլորվել անծայրածիր թվացող կապույտի վրա,
Պարզապես ուղին ցույց տվող ընկեր այն չունի...

Ալիքը, իր նման մեկին հանդիպելով, մեղմորեն այնպես է փարվում,
Պարզապես այլևս խուսանավելու տեղ չունի...

Ափին դարերով պառկած ավազե ոտնահետքը կազմվում է ասես ոչնչից,
Պարզապես մարդկային ծանրությանը դիմանալու ուժ չունի...

Ավազի մեջ իր տեղը կորցրած ընկած է մի ողորկ ու գեղեցիկ քար,
Պարզապես ոչ ոք պատկերացում այդ մասին չունի...

Մարդը զարմացած աչքերն է բացել ու ապշահար իր շուրջն է նայում,
Պարզապես ավելին անելու համարձակություն չունի...

Sunday 29 July 2018

Դու նման ես...

  • Դու նման ես ամանորյա հրաշքի հույսի, որին սպասում է ամեն ոք,
    Դու նման ես մի խաղալիքի, որի համար արցունքներ չեն թափվել լոկ.
    սիրտ կոտրել է...

    Դու նման ես կանաչ մի ծառի, որի գրկում արևից թաքնվել է կարելի,
    Դու նման ես տապին տեղացող անձրևի կաթիլները մաքուր են որի.
    տարօրինակ է...

    Դու նման ես ամպերի, որոնց պատկերն Աստված ինքն է երկնել,
    Դու նման ես մի թիթեռի, որն օրվա ավարտին իր մահից առաջ դաշտի ամենագեղեցիկ ծաղկին է տեսել.
    անարդար է...

    Դու նման ես խելահեղ քամու, որին սանձելու ուժ ոչ ոք չունի,
    Դու նման ես երամն իր կորցրած մի թռչնի, որի հետագիծն անգամ մատնում է շփոթմունքը խեղճ.
    ցավալի է...

    Դու նման ես կրակի վրա եռռացող սուրճի, որը թեպետ եռռում է, չի թափվում,
    Դու նման ես հին ու անհաստատ մի աթոռի, որը ճռռում է անընդհատ, երբ գալիս են այցի.
    բնական է...

    Դու նման ես խավարմանը սպասող հնազանդ լուսնի,
    Դու նման ես լուսնին այդ գրկած մոխրագույն ծածկին, որն անկշտաբար կլանում է գիշերվա լույսը.
    իրական է...

    Դու նման ես ամառվա տապին հաջորդող հովի մասին երազողներին,
    Դու նման ես հովն այդ անտեսող անցորդներին, որոնք շտապում են...
    Կյանք ապրել է...

    Դու նման ես,
    Դու նման ես ԻՆՁ:


Thursday 26 July 2018

Արևի´ր, ավերի´ր...

Me


Արևի´ր ու թե անգամ արևելդ ինձ ավերել թվա, արևի´ր...

Արևի´ր, քանի որ ես սպասել եմ շատ երկար քո գալուն, սակայն չեմ կարողացել տեսնել քո պատկերը:
Ավերի´ր, որովհետև ես կանգնել եմ ուղիղ քո դիմաց, բայց չեմ տեսել քո ինձ այդքան օտար, բայցև հարազատ դիմագծերը:

Արևի´ր, քանի որ, լինելով անհույս լողորդ, ես ինքնակամ պատրաստ էի նետվել աչքերիդ անհատակ մթության մեջ:
Ավերի´ր, որովհետև իմ աչքից վրիպել են հաճախ նույն այդ մթությանն ապաստան տված աչքերը խոր

Արևի´ր, քանի որ, լինելով անտաղանդ նկարիչ, անգամ քո ստվերն էի նույնությամբ գծում
Ավերի´ր, որովհետև փախել եմ նույն այդ ստվերից, թեպետ այն միայն արդյունքն էր իմ երևակայության ու հայտնվում էր երբ մենակ էի բազմության մեջ:

Արևի´ր, քանի որ ես քաջություն եմ ունեցել փնտրել քեզ անգամ այն տեղերում, որոնց գոյությունն անգամ անհաղորդ է քեզ:
Ավերի´ր, որովհետև ես փախել եմ քեզնից, բայց փնտրել եմ քեզ բազմության նույն այն հոսքի մեջ, որի մեջ էի ու որից անջատ:

Արևի´ր, որովհետև ես գրել եմ քո մասին ու շատ հաճախ կարդացել նաև:
Ավերի´ր, որովհետև ամենից շատ ես քո մասին կարողացել եմ լռել:

Ավերի´ր, արևի´ր...

Ավերի´ր ու թե անգամ ավերելդ ինձ արևել թվա, ավերի´ր...