Wednesday 24 October 2018

Դուք թալանեցիք տունս...



Դուք թալանեցիք տունս,
բայց աղքատացողը բնավ ես չեղա,
այլ ձեր մաղված ու մաշված,
 ոչինչ չարժեցող հավատքը` առ ձեզ:
Դուք տակնուվրա արեցիք տունս,
 բայց քաոսի մեջ բնավ ես չեղա,
այլ ձեր վախի մեջ ապրող ու ապշող,
ոչինչ չհասկացող փախուստն ամենից:
Դուք կոտրեցիք դուռս, բայց 
հավերժական ճեղքերով պատվեցին
միայն ձեր կենսագրության մութ
ու անազնիվ անցքերը:
Դուք տարաք հորս ու մորս
ափերի ցավի արդյունքը,
բայց մաղվեցին ձեր ափերն անափ,
ու չկա մեկը, որ հոժար կլինի մաշվել այդպես
 ձեր ճղճիմ գոյությունը քարշ տալու համար:
Դուք աղքատացաք...


Sunday 7 October 2018

Ես հավատացի



Երբ ես դուրս եկա Քո շեմից
Զարկեցին հանկարծ Քո զանգերը...

Ու ես հավատացի, որ դա նշան էր`
Երկրաբնակիս աղերսներին ի պատասխան,
Նշան, որը թաքնված է կապույտի
Ու կանաչի հանդիպման վայրում,
Որտեղ երկինքն ու ծառերն են միմյանց հանդիպում:
Ես հավատացի, որ
Ճանապարհների խաչման վայրում
Իմ երազներն են միմյանց բախվում,
Ու բախման պահին երկնքում
Հույսի հուր է անընդհատ թափվում:
Ես հավատացի, որ կապույտ երկնքի հոգում
Ամպերի պատկերն է հաճախ խզբզում
Իմ մոլորված ու երկչոտ հավատը:
Ես հավատացի, որ քարերի վրա
Հավերժ հաստատված կանաչ,
(որովհետև ջուրն է իրենց հավերժ ընկերը) 

Ու արդեն ծեր ու դեղնած մամուռների մեջ
Պատմություններ են թաղված մեր մասին:
Ես հավատացի անհավատներին,
Իսկ նրանք հավատացին ինձ,
Ու ես հավատացի, որ դա նշան էր` 
Երկնաբնակիդ աղերսներին ի պատասխան...

Friday 5 October 2018

Անմահ դարձրու...



Գրի´ր իմ մասին
Ու անմահ դարձրու,
Երգի´ր իմ մասին 
Ու անմահ դարձրու,
Նկարի´ր պատկերս 
Ու անմահ դարձրու...
Աղոթի´ր, որ 
Ես հավերժ ապրեմ,
Երկրաբնակ ես
Հավերժ լինեմ:
Աղոթի´ր
Ու գիտե՞ս` ինչու,
Աղոթի´ր,
Որովհետև ես
Քեզ համար հավերժ
Մահկանացու եմ,
Իսկ դու ինձ համար
Մեկ օրվա կյանք ունեցող 
Անմահ...
Աղոթի´ր...