Thursday 28 February 2019

Ուրիշ․․․



Խցանումների անվերջ թվացող շարաններ, երթևեկության կանոնները խախտող վարորդներ ու իրենց հոգսը ավտոբուսի նստատեղի անհարմար, բայց չընկնելու միակ առհավատչյա համարվող բռնակին հենած ուղևորներ: Ձմռան վերջին օրը չի թողնում, որ կուլ տաս կյանքի դառնագույն և ամենահրաշալի ճշմարտությունը` քո ուրիշ լինելը:
Նայում ես անձրևաջրից գունաթափված կոշիկներիդ ու ափսոսում, որ այդքան շատ ես սիրում մաքուրը. կյանքն այդպիսին չէ:
Դու ներքուստ սրտնեղում ես, երբ ուսդ սկսում է սառչել` թաց պատուհանի հետ անվերջանալի թվացող հանդիպման պատճառով, իսկ մյուսը` կողքիդ նստած, իր կոպերի հետ փակում է անցյալ օրվա կամ գուցե` կյանքի անցուդարձը` անտեսելով աշխարհում երբեք կանգ չառնող (երբեմն ննջող) կյանքը: Պատուհանի սառն ու անտարբեր երեսի հետ հանդիպումը անավարտ է թվում, իսկ երկնքում թաքնված լուսատուները` խռոված: Մութն սկսում է անկշտորեն լցվել մեր գիտակցության ու հայացքի մեջ ու աստիճանաբար խորտակել լույսի հույսը և դու նմանվում ես ծակ տախտակամածով նավի վրա փրկություն աղերսող մեկի, որը հերիք չէ, որ լողալ չգիտի, դեռ պարզվում է` ծովային հիվանդությամբ է տառապում:
Ժողովուրդը նման դեպքերում ասում է` կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ժողովուրդը սակավ է սխալվում:
Երբ զգում ես գրկախառնության կարիք, ցուրտը ագահորեն ու կարոտած մեկի նման գրկում է իրանդ` ցավեցնելով փխրուն ոսկորներդ. թույլ էակ:
Խցանումները, ինչպես ամեն բան այս կյանքում, ունեն ավարտ ու դրանց ավարտին, երբ ավտոբուսի շարքերը` հարևանությամբ ընթացող մեքենաների պես սկսում են պակասել, դու դժվարությամբ հեռացնում ես ուսդ թաց պատուհանից, կողքիդ նստած մարդը դժկամորեն բարձրացնում է կոպերը ու պատրաստվում: Դու էլ ես սկսում պատրաստվել: Պատրաստվել հաջորդ հանդիպմանը:

Wednesday 27 February 2019

Առանց լույսի մութ է...



Առանց լույսի մութ է...
Կասեք` տափակաբանություն,
Իսկ մի՞թե դա սուտ է,
Չկա՞ տրամաբանություն:

Առանց լույսի մութ է...
Նույնն է, թե ասես,
Որ մեկին գումարած մեկ,
Երկուսի է հավասար,
Բայց չափումները այն
Որքան էլ ճշգրիտ են,
Ու կասկած անգամ չկա,
Մենք հաճախ ամենամութին
Զարմանում ենք,
Թե ինչու լույս չկա,
Իսկ ադամամութին
Աչքերը փակում
Ու մութն ենք փնտրում:
Տարօրինակ ենք մենք...

Առանց լույսի մո՞ւթ է...
Կասե՞ք` տափակաբանություն,
Իսկ դա սուտ է,
Չկա տրամաբանություն:

Monday 25 February 2019

Գետնանցում..․Դա/Նա/Նե





Գետնանցումով անցնում ես ու ձախ անկյունում դարսված ամենատարբեր իրերի կողքին առաջին հայացքից աննկատ է մնում իր մանր ու փոքր իրերի նմանությամբ աչքի չզարնող մեկը. անկյունում` կուչ եկած, գլխաշորը գլխին: Մեկ-մեկ տպավորություն է, թե նա անգամ չի շարժվում ու թե մոտենաս ու դիպչես, անշունչ մեկի պես կարձանանա:  Դա/Նա/Նե մարդն է...

Դա անշունչ է թվում ու արհամարհելու այսօրինակ տարածվածությունը, որը, միանգամայն հեռու չէ ախտ որակվելուց, որոշներին ստիպում է, այնուամենայնիվ, տեսնել այն/նրան ու կոչել Դա: Նրանց շատ ժամանակ պետք չէ բնորոշում տալու համար: Հպանցիկ հայացք ու վերջ… Դա:

Նա շնչում է, հոգի ունի ու առավել` հոգում  շերեփուկների անթիվ բազմության նման լողացող հոգսեր, որոնց ուր որ է կուլ կտա ներքինի ծովերում հավերժ ապաստանած շնաձուկը: Մտածում ես` անախորժ է պատկերացնել: Նա էլ է մտածում: Վախենում է, որ իրեն չնկատեն ու ինքն այդպես էլ չազատվի այդ իրերից… Նա:

Նե վախկոտ չէ, նե պատրաստ է զոհաբերության ու գիտի, որ ուժն է միակ փրկությունը, բայց դա չի նշանակում, որ չի վախենում: Նե ավելի մեծ վախ ունի իր սրտում. վախ, որ իրեն կնկատեն, կխղճան և վերջապես` կգրեն իր մասին... Նե:

Thursday 21 February 2019

Մտորումներ






***
Երեկ թափվեցին աշնան մահվան հետ այդպես էլ չհամակերպված տերևները, որոնք ձմեռվա դաժան քամու հարվածներին դիմանալու վերջին մենամարտում պարտվող դուրս եկան: Ու ընկան:
Ընկան տերևները անշունչ գետնին ու քշվեցին, բաժանվեցին միմյանցից: Մարդկանց նման: (18 փետրվար, 2019)

***
Այսօր ես
կրկին
երազ չտեսա:
Այսօր ես
Կրկին
 արթուն մնացի: (20 փետրվար, 2019)

***
Երբ ավտոբուսը կանգնում է կարմիր լույսի տակ, դու, անկախ քո կամքից, հնարավորություն ես ստանում տեսնել ավելին, քան` ընթացքի մեջ է հնարավոր:
Հետիոտների համար նախատեսված անցուղիներով արագ ու դանդաղ քայլում են ընթացքի մեջ գտնվողները` մարդիկ, որոնք զրկված են այս ամենը նկատելու հնարավորությունից: Նրանք անցնում են նույն կերպ, ինչպես, որ ապրում են. ոմանք արագաքայլ են, շտապում են անգամ անզգուշորեն չխախտել օրենքով ամրագրված բոլոր դրույթները, ոմանք` դանդաղ են, վստահ, որ իրենք իրավունք ունեն այդպիսին լինելու: Վերջիններս հաճախ են զարմանում առաջինների վրա:
Պարտադրված ճշտապահութուն...իսկ գուցե անհրաժեշտի և ճշմարիտի գոյակցություն
Կյանքն, այնուամենայնիվ, ավելին է մատուցում ու մինչ ես վերընթերցում էի Ձեզ հետ իմ մենախոսությունը, ավտոբուսի (բախտի) անիվը հակառակվում է մեր ծրագրերին: Այն սկսում է քրոնիկ ծխողի պես իմ ու քո շնչած` առանց այդ էլ աղտոտ օդը թունավորել: Մենք` ընթացքին հետևողներս, դառնում ենք ընթացողներ, որոնց կհետևեն բախտավորները:
(20 փետրվար, 2019)

***
Այսօր ես կրկին Չուշացա, Այսօր մենք կրկին Ուշացանք... (20 փետրվար, 2019)

***
Երեկ երկինքն անհամեմատ ավելի գեղեցիկ էր: Լիալուսին էր: Լիալուսնի օրերին երկինքը հատուկ հմայք է ստանում: Թվում է` երկնքում տոն է. երկնային տոն: Պսակ: 
Ասում են` մարդիկ գեղեցիկ են միշտ, սակայն կան օրեր, երբ մարդիկ հատկապես գեղեցիկ են: Կասեք` երբ: Երբ նրանք երջանիկ են և/կամ որևէ տոնի մասնակից: Պսակի:
Երեկ երկնքում հարսանիք էր: Երկնայինների խրախճանքի մեջ հատկապես առանձնանում էր հարսնացուն` Լուսինը, որն իր շուրջն էր հավաքել մի քանի հարսնաքրոջ` աշխարհի ամենաերազային ու գեղեցիկ գույների համադրությունից ծնված զգեստներով, սեթևեթ շարժումներով: Տպավորություն էր, որ նրանք այս ու այն կողմ էին վազում` փորձելով մտաբերել հարսի խորհրդանշական պարի շարժումները` սեփական հարսանիքին դրանք կրկնելու հույսով: (Այո´, երկնքում չեն վախենում միմյանց կրկնելուց...մարդիկ են վախենում): Նրանց վարսերը զարդարված էին երփներանգ դրասանգներով` հյուսված մարդկային երևակայության մեջ չտեղավորվող գունային համադրություններից:
Ես երազում էի ձախլիկիս չստացված վրձնահարվածների իմ հավաքածուի մեջ հավերժ ամփոփել այդ պատկերը, բայց գիտեի` տաղանդավոր նկարիչ չեմ ես ու անգամ տեխնոլոգիաների այս դարում չկա որևէ (տեսա)խցիկ, որը կկարողանա պատկերել երկնային պսակի ողջ գեղեցկությունը, իմը` հատկապես: (19
փետրվար, 2019)

***
Թվում է` օրերն աստիճանաբար տաքանում են: Երթուղայինի մեջ տեղավորվում են ավելի շատ (մարդկային պատկերացումից էլ ավելի) մարդիկ: Եթե, իհարկե, մի քանի տիկին հրաժարվեին իրենց մուշտակներից, մի քանի ուղևոր ավելի շուտ կհասնեին իրենց նպատակակետը և ստիպված չէին լինի սպասել հաջորդ երթուղայինին, որը, եթե ևս 10 րոպե ուշանա, հավանաբար, դդում կդառնա` Մոխրոտիկին տեղափոխող կառքի պես: Քանի որ ժամանակն անողոք է ու չի սիրում ուշացողներին, այն կպատժի իրեն ագահաբար վատնածներին: 
Երթուղայինի վարորդը (կառապանը, եթե կուզեք) արագորեն կվատնի ծախսման ենթակա նյարդային բջիջների չափաբաժինը ու ամեն բան կանի հնարավոր արգելքները շրջանցելու համար: Մեկ-մեկ էլ փոխանցման տուփի հետ այնպիսի ուժգնությամբ կվարվի, ինչպես կառապանն իր ձիերին մտրակով հարվածելիս:
Ճանապարհն ուղիղ ու հարթ կթվա, մինչև ուղևորները կհասնեն իրենց նպատակակետին...պարտադրակետին, գուցե:
Ժամանակն անցնում է: Հասնում ենք իմ պարտադրակետին...նպատակակետին, գուցե: (19 փետրվար, 2019)

***
Այս շաբաթ
կրկին
չկտրեցի մազերս:
Այս շաբաթ
Կրկին
 ժամանակ չկար: (19 փետրվար, 2019)

***
Կողքիս նստած երեխան, որ հազիվ 7-8 տարեկան լինի, նոտաների թղթերը ձեռքին մեկ շշնջում է Առնո Բաբաջանյանի և Ռոբերտ Ռոժդեստվենսկու ստեղծագործությունը` «Տղերքը, որոնք չկան», մեկ նայում ինձ, հետո` հեռախոսիս ստեղներին, որոնք ենթարկվում են իմ կամքին` մեկ-մեկ սպրդելով: Մտքով էլ չի անցնում, որ ինքն է դարձել մտքերիս տերը: Ես գրում եմ ստեղծագործության վերնագիրն ու ցնցվում, հոգեպես ցնցվում բառերի մեջ ապրող իմաստից: Մեր ապագա զինվորը մանկան անուշ լեզվով բարբառում է երգի` իր համար դժվար ընթեռնելի տառաձևով գրված բառերը, ապա` դառնում մորն ու պահանջատեր հայացքով ասում` «Հիշի´ր, որ իջնենք, ինձ թղթապանակ առնես նոտաներիս համար»: Մայրն էլ նուրբ նախատինքով թե` «ոնց որ շատ երես առար»: Հետո, մանուկը, հոգնած իր երաժշտական դեգերումներից, գլուխը դնում է մոր ուսին ու ննջում: 
Ես էլ մտածում եմ` երանի, որ երես առածն այդպիսին լինի ու թեքվում դեպի պատուհանը` երգի բառերը մտքումս...տղերքը, որոնք չկան:
Մի օր էլ մայրն իր զինվորի ուսին կդնի գլուխն ու թեթևացած քուն կմտնի: (16 փետրվար, 2019)



***
Հարակից մեքենայի ետևի նստատեղին կռթնած տիկինը լավ հաջողություններ է գրանցում «Candy Crush»-ի հերթական մակարդակում, իսկ ահա առջևից փոքրիկ մեքենայով ընթանում է աշխարհը փրկելու պատրաստակամ դեմքով մի աղջիկ, որի դիմաց` ամենակարևոր ռազմավարական օբյեկտի` հայելու ներքևում խնամքով դրված է հավանաբար վերջին խախտման ակտը: Խցանման մեջ մեր կողքին է հայտնվում 90-ականների վերջի արտադրության կանաչավուն «Մերսեդես»-ը, որն իր գլխին կրում է պարտադրված թագը` «տաքսի» գրությամբ: Միայն վարորդի ընկերակցությունն այնքան էլ չի տխրեցնում մեքենային, իսկ վարորդի՞ն...:
Հեռվում նկատվում է վերամբարձ կռունկն ու այդպես էլ չավարտված շինարարության պատկերը: 
Սա է իրականությունը` մեր կողքին ապրող: (14 փետրվար, 2019)