Friday 21 December 2018

Մենք


Մեզ կարելի է գտնել ամենուր, ամեն քայլափոխի,
Մենք քայլում ենք նույն փողոցն ի վեր
Արևի արթնացման պահին
Ու ետ դառնում փողոցն ի վար՝
Նրա քնի ժամին:
Մենք սպասում ենք կանաչ լույսին,
Որ դեպի կյանք պիտի տանի,
Կարմիրի տակ հաշվում ակնթարթներ մի քանի․․․

Ինձ ու քեզ հաճախ փոխադրում է տրանսպորտային նույն միջոցը, երբեմն անգամ նստում ենք մենք իրար կողքի, իսկ երբ տեղ չի լինում, մենք ստիպված ենք լինում ամուր բռնել նույն ձողից ու շիկնել մեր մատների պատահական հանդիպումից, իսկ անսպասելի արգելակման պահին նետվել մի կողմ: Մենք խցանման մեջ ենք մնում միասին ու երազում քաղաքի թոհուբոհը մոռանալու մասին: Մենք խանութում երկար թափառում ենք՝ անցնելով գուցե նույն շարքերի միջով: Մենք սիրում ենք քայլել ու մտածել, մտածել քայլելով, քայլել մտածելով։ Մենք չենք սիրում դեղ խմել անգամ սուր գլխացավի դեպքում, մենք սիրում ենք պայքարել, թեպետ վերջում գիտենք, որ կուլ ենք տալու դառն այդ հատիկը կյանքի: Մենք չենք սիրում աղմուկ, մեզ կարելի է գտնել լույսից թաքնված մութ այն անկյունում` աղմուկի սիրահարներին հետևելիս:
Մենք մեր աղոթքն ասում ենք հաճախ
Նույն պատերի ներսում,
Բայց երկուսս էլ հավատ ու հույս
Մեր հոգում ենք կրում:
Մենք:
Ես և դու:
Իրար կողքի ապրող:
Իրար անծանոթ մարդիկ:

Tuesday 18 December 2018

Եթե միայն․․․



Եթե միայն ինձ տաքացներ 
վառարանի ծուռ բերանից
դուրս պրծնել փորձող կրակը,
ես կսիրեի...
Ու թե միայն
մատներս այրեր հին ու 
ամուր թեյնիկի բռնակը,
ես կսիրեի...
Եթե միայն 
տուն գալիս լինեի լոկ
ցրտի համբույրներից շիկնած,
ես կսիրեի...
Ու թե միայն տաքության 
անսպասելի գրկախառնությունից 
ես հալչեի ու ցավ զգայի,
(որովհետև սառն ու տաքը
խառնվել են իրար)
ես կսիրեի...
Եթե միայն փաթիլը ձյան
(որ այտիս վրա շունչն իր առավ 
ու ետ` երկինք դարձավ)
երջանկության նման
կարճ կյանք չունենար,
ես կսիրեի...
Ու թե միայն ցուրտն ինձ սիրեր,
ես կսիրեի...
Ես կսիրեի ձմեռը: