Tuesday 26 July 2016

Ուզում եմ այնպե՜ս...


Ուզում եմ այնպե՜ս, անզգա մեկի պես մեկնել հոգիս,
Բայց ցանկությունս պարտվում է անգամ սրտիս,
Այն կծկվում է ուժեղ ցավից, ինձ է պարսավում,
Անհիմն ցանկության համար կրկին մեղադրում,
Ինձ չի հասկանում անգամ միտքս մինուճար,
Երես է թեքել ինձնից նաև խիղճն իմ անճար,
Դարձել եմ երջանկություն որոնող պանդուխտ,
Որը կյանքում ունեցել էր լոկ մեկ ուխտ
Հասնել անիմանալի այն զգացմանը միակ,
Որին մարդկությունը դարձել է հպատակ,
Ծառայի պես կատարում է հրամանները որի,
Ու չի էլ ափսոսում վարձը կորսված ամեն օրի,
Վճարում է նա՝ ստանալով անիմանալի  մի նվեր,
Ու որը կբուժեր նրա հոգին կարեվեր․․․
Իսկ ես, ուզում եմ այնպե՜ս, անզգա մեկի պես մեկնել հոգիս,
Բայց ցանկությանս պարտվել է նաև կորուսյալ հոգիս։



Tuesday 19 July 2016

Կփորձեմ


Երբ իրիկունն իր թևերը սփռի հոգնատանջ հոգուդ վրա,
Ես կմեկնվեմ, որպեսզի զգամ դողդղացող թրթիռը նրա,
Կհանդգնեմ վերծանել հոգնատանջ եսիդ պատկերը
Հանդգնությանս համար կկորցնեմ իմ երկրորդական դերը,
Բայց լոկ կփորձեմ անտարբեր մի օտարականի նման
Բարևդ առնել, թեպետ բարևս ավելի ցածրաձայն է, քան
Ծղրիդների խմբերքը կլիներ խստահունչ ձմռան կեսին,
Կամ էլ ձնծաղկի բողոքն ամռան խենթ ու կիզիչ տապին,
Ես լուռ կհետևեմ քո ու իրիկվա անկեղծ զրույցին,
Գուշակել կփորձեմ արտաբերածդ բառերը նրբին,
Կփորձեմ որսալ հայացքդ՝ հառած արևին հեռացող,
Ու շողերի հետ ճանապարհածդ մտքերին անէացող,
Նկարել կփորձեմ կերպարանքդ տարաշխարհիկ,
Կդառնամ անհնարինը պահանջող մի մուրացիկ,
Ես  կհետևեմ իրիկվա անուրջ լարերին հոգուդ փարված,
Ու կպատկերացնեմ ինձ իբրև երաժիշտ դրանց նվագած,
Բայց երաժիշտ չեմ ես ու ոչ էլ տաղանդավոր մի խաբեբա,
Պատկերացրածս գեթ այս պատկերում հավերժ կմնա․․․