Saturday 2 May 2020

Ես չգիտեմ, թե ինչ է պետք մարդուն



Ես չգիտեմ, թե ինչ է պետք մարդուն աշխարհով մեկ լինելու համար, բայց մարդը մեկ-մեկ աշխարհ է, մեկ-մեկ էլ աշխարհն է մարդ։
Մեկ-մեկ լվացքի նոր կախված պարան է, որ հին ու ժանգոտածի փոխարեն են կախում, մեկ-մեկ պարան, որով կախաղան են հանում։
Մեկ-մեկ բազմաբնակարան շենքի միակ լուսավառ տունն է, մեկ-մեկ էլ  նման այդ լույսի անջատման մեջ մեղավոր մարդուն։
Մեկ-մեկ արարչագործ ծառի կարմիր ու պսպղուն խնձոր է, մեկ-մեկ էլ այդ խնձորը ներսից սպանող մարդագործ ու գունատ մի որդ։
Մեկ-մեկ լեզուն ու միտքը քաղցրացնող շաքարի կտոր է, մեկ-մեկ հոգին ու սիրտը լացացնող քարի մի կտոր։
Մեկ-մեկ երջանկության վճիտ մի արցունք է, մեկ-մեկ տխրաբեր լացից կորացած մի սև արտևանունք։
Մեկ-մեկ մարզիկի վերջին հույսի խախտում է, որ խաղի ելք պիտի որոշի, մեկ-մեկ ճակատագրական սխալ, որ հաղթանակած ուղին դարձնում է փոշի։
Մեկ-մեկ ծաղիկ խնամող ոսկե ու սիրաբեր ձեռք է, մեկ-մեկ այդ ձեռքը թույնով ներարկող գիշատիչ ծաղիկ։
Մեկ-մեկ պարի՝ փորձերի արդյունքում հղկված շարժում է, մեկ-մեկ տաղանդ չունենալու մասին ապտակ՝ ստացած մանուկ հասակում։
Մեկ-մեկ կիսատ մի հայացքով անգամ ամեն ցավ բուժող թուրմ է, մեկ-մեկ էլ հավերժ բույն դրած ախտ, որի դեմ չկա հակաթույն։
Ես չգիտեմ, թե ինչ է պետք մարդուն, բայց մարդն այդ մոլոր մեկ-մեկ Աստված է իրեն կարծում, մեկ-մեկ Մարդ է, մտքով չի անցնում։