Wednesday 22 August 2018

Ես մեկնեցի...


Ես մեկնեցի սերը հարյուրավոր երգերի,
 տարատեսակ բառերի ու բառախմբերի միջոցով,
 բայց անմեկնելի եղար դու...

Իսկ թե դու սերն ես,
ապա մեկնելու թեկուզ քարքարոտ,
բայց ճշմարիտ ու անբեկանելի ուղին ինձ ցույց տուր,
Իսկ թե դու ես սերը,
անտաղանդ հեղինակիս գրած երգի համար թևեր` 
մեղեդիներ երկնիր ու...
Ու թե սերն ես դու,
իմ այս խրթին ու երկնաբնակ պատմության
պակաս տառերը լրացրու,
Ու մի´ անտեսիր լուսաբացին
 քեզ արթնացնել ցանկացող
աքլորականչը,
Գուցե իմ հոգու ճիչն է արձակում,
որ արթնացումդ իմաստուն թվա,
ոչ թե լոկ ստիպված պարտավորություն:
Մի թող, որ սիրտս կծկվի այսպես,
 երբ անգույն քո ստվերն է երազիս գալիս
 ինձ ի տես,
 Եվ, ուրեմն, կա´մ երազս լքիր,
կա´մ ինձ մի լքիր ու այնպես արա,
որ ներկայությունդ ես զգամ ամենուր:
 Այնպես արա, որ ես գետն անցնելիս
քո ուսի նման վստահեմ իր ողջ երկայնքով ոտքերիս առաջ
 ընկած գերանին այն հին:
Այնպես արա, որ հենվելով քո`
երևակայությանս կողմից վրձնած պատկերին,
զգամ ուժ ու ստանամ այդքան բաղձալի ուժեղ չլինելու թույլտվություն:
Թեկուզ ժամանակավոր, բայց թույլ տուր,
որ մեկնվեմ կանաչի վրա ու կուրանամ արևի ինձ
այդքան արագորեն տաքացնել փորձող շողերի գրկում,
թե դու չես գրկում:


Ես մեկնեցի սերը հարյուրավոր երգերի,
 տարատեսակ բառերի ու բառախմբերի միջոցով,
բայց անմեկնելի եղար դու...

No comments:

Post a Comment