Saturday 23 March 2019

Մեկը


Երբ մի քանի հոգով քայլում եք,

Լինում է միշտ մեկը, որ դուրս է մնում 
Այդ հոսքից
Այնքան հեշտորեն,
Ինչպես օրինակ երամի վերջում

Հայտնված թռչունը նվազ,

Որ որքան էլ փորձի, օդը չի ճեղքի:
Շենքերի կատարներին անօրինաբար,
Բայց բնության օրենքով հիմնավոր ու 
Կյանք ստացած ծառերի նման
Վեր է խոյանում ու կկոցում աչքերը
Որ չկուրանա:
Միշտ անհաս է թվում
Որ հանկարծ չլինի մեկը,
Որ կերազի դրա հովին պառկելու մասին:
Այդ ծառը պտուղ չի տա
Կբավարարվի համոզմունքներով,
Թե սիրում են նրան...
Ինչպես այդ հոսքից ետ մնացածը, 
Որը հույս ունի, որ
Կսպասեն նրան...


Monday 18 March 2019

Վարսերը` սև, հագինը` սև...


Վարսերը` սև, հագինը` սև,
Հոգում սպիտակ արևներ,
Որոնք կտաքացնեն նրա էն:
Աչքերը` սև, հումորը` սև,
Քայլերում սպիտակ տարածքներ,
Որ ամեն պահի երիցուկներ կծնեն:
Երկինքը` սև, հատակը` սև
Սավառնող սպիտակ հավքեր,
Որ հաճախ քո թողած փշրանքը կտանեն:
Պատերը` սև, դուռը` սև,
Ներսում սպիտակ աթոռներ,
Որոնց վրա կհենվի զգուշորեն:
Նվիրումը` ծով, անծայր ու սև ծով,
Ակնկալիքը` սպիտակ ու նուրբ մի հով,
Որի շուքին կհանգստանա մանուկն իր միջի,
Կմեծանա, բայց ոչ ոքի չի ասի:
Ամպերը` սև, անտառները` սև,
Լեռներին շաղ տված սպիտակ փաթիլներ,
Որոնց երբեք նա չի տեսնի...
Արտևանունքները` սև,
Դրանց հանդեպ տածած սերը` սպիտակ`
Պարտվողի դրոշակի պես,
Որ արցունքներով թե ուզի դիպչել ու
Ագահորեն փորձի համբուրել,
Կպատժվի:
Վարսերը` սև, հագինը սև,
Հոգում սպիտակ արևներ...


Sunday 17 March 2019

Այն մասին, թե ինչպես կտրեցի վարսերս




Այս շաբաթ ես վերջապես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ժամանակ կար:
Ես ոչ թե վարսերից, այլ վարսերիս պես հոգումս ճյուղավորված, խոր ու երկար արմատներ դրած, անընդհատ ինձ անկատարություն հիշեցնող, ինձ երկար տանջող մտքերից ազատվեցի: Թվում է` մարդ լիարժեք է, երբ չի փոխվում, բայց, իրականում, մարդն անկատար է, երբ հմուտ դարպասապահի նման փորձում է որսալ իր սահմաններից ներս ընթացող փոփոխության գնդակը: Մեծ հաշվով, կարևոր չէ հմուտ ես դու, թե ոչ, եղանակն անձրևային է, թե ոչ, գնդակը թաց խոտի վրա պտույտներից հետո անհարմար է որսալու համար, թե ոչ, մատներդ քրտնել են այդ մեծ ու անհարմար ձեռնոցների մեջ, թե ոչ, տեսողության հետ խնդիր ունես, թե ոչ, արևը կուրացնում է աչքերդ, թե ոչ, հակառակորդի պաշտպանները շրջապատել են քեզ` անհարմար դիրք ստեղծելով, թե ոչ, դու միևնույն է վաղ թե ուշ բաց ես թողնելու գնդակը, քանի որ անառիկ դարպասներ չկան, անսխալ դարպասապահներ` առավելևս:
Այդժամ մտածելու ես, որ քեզ արդարացում չկա, որ դու պարտվել ես կյանքի դեմ խաղում, մինչդեռ խաղը, որ դու խաղում ես, հենց ինքը կյանքն է: Միակ բանը, որ պետք է անես, հասկանալն է, որ դու այնքան բարձրահասակ չես դարպասապահի դիրքում խաղալու համար, ոչ էլ այնքան լավ ես տեսնում, որքան ինքդ քեզ ես հավատացրել ողջ կյանքում: Դու չպետք է վախենաս կախել ձեռնոցներդ մեխից, քանի որ տանդ պատն այնքան դատարկ էր, որ զարդարելը բնավ չէր խանգարի:
Ես չվախեցա, չվախեցա գնդակ ընդունել, այնպես, ինչպես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ես վերջապես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ժամանակ կար:
Այս շաբաթ ժամանակ կա՞ր...
Ես ժամանակ ունեի միշտ:


Monday 11 March 2019

Անհնարը



Գոլորշին փակում է առանց այդ էլ հազիվ տեսանելի տեսադաշտը ու մարդուն մնում է մեկ բան. պատկերացնել:
Դա մարդն ամենից լավ է անում: Պատկերացնում է բաներ, որոնք ցանկալի են կամ ոչ այնքան, բայց ամենի հետ մեկտեղ, պատկերացնում է անհնարը: Սա դեռ ոչինչ, բայց անհնարի ու իրականի ճանփաբաժանը դառնում է նրա միակ կացարանը, որում մարդը հանգստանում է, ուժ հավաքում: Նա սնվում է ճամփաբաժանի ձախ կողմում գտնվող անհնարի ափսեից, իսկ երբ հասկանում է, որ դա բավարար չէ քաղցը հագեցնելու համար, թեքվում է դեպի աջ` իրականություն:
Մարդը մտածում է սովի ու այդ սովը սպանելու մասին ու հաճախ, երբ այդ միտքը սկսում է կրծել առանց այդ էլ նիհար ու տկար հոգին, նա սկսում է կուրանալ: Այդժամ ուտելի է դառնում ամենն, ինչ հնարավոր է իրականության ու անհնարինի գոյակցության պայմաններում: Կարևոր է միայն մեկ բան. կանգ առնել: Դու գիտե´ս` մարդկային երևակայությունը սահմաններ չունի, սակայն մարդն է սահմաններ դնողն ու օրերից մի օր անպայմանորեն առերեսվելու է երևակայության թուլացմանը, դանդաղ մահվանը: Մարդը ստիպված է լինելու դառնալ միայն աջ` սնվելով միակ գոյից` իրականությունից:
Մի´ շտապիր տխրել, քանի որ ամեն բան այդքան վատ չէ, չէ՞ որ մարդն օժտված է. նա կարող է ցանել սերմեր, բերք ստանալ, միայն չհնձել իրականության հետզհետե պակասող դաշտերը, նա կարող է տնկել` հատելիս...
Նա կարող է իրականը, բայց նա կարող է նաև ավելին` անհնարը: