Friday 11 October 2019

Մայթեզր




Մայթեզրի հիմնական գործառույթը մայթն ու ճանապարհը միմյանցից առանձնացնելն է: Երբ ոտքերդ հասնում են մայթեզրին, զգում ես, որ շատ քիչ է մնում մոխրագույն ճանապարհի հետ գունավոր հոգիդ ձուլելու համար:
Փորձում ես հավասարակշռությունդ պահել ու հաստատուն քայլել մայթեզրի խորդուբորդ եզրը չտրորելու ու ավելորդ ցավ ինքդ քեզ չպատճառելու համար:
Մայթեզրերի որոշ հատվածներում բաժանում կա` հարկադրված... գուցե` տարիների մաշվածության կամ դժբախտ պատահարների արդյունքում առաջացած բաժանում, երբ սասանվում է մայթեզրի ամբողջականությունը և ճանապարհին խոնարհում անխախտ թվացող միությունը:
 Հետո, միության փշրված ապացույցները հայտնվում են աղբարկղում, լցվում են ջրերի մեջ կամ պարզապես փշուր-փշուր լինում` էլ ավելի մանրանալով մարդու ոտքի ու փոխադրամիջոցի հետ անախորժ շփումից: Ու երբ թվում է, թե այդ միությունն այլևս անցյալում է, մարդու միջամտությամբ (մարդը միայն քանդել չէ, որ կարողանում է) նոր հանգույց է ծնվում` կապելով հին կեսերին` նոր ու թվում է՝ ավելի ամուր եղանակով: Շատ դժվար է լինում ընդունել նորեկին ու նույն կերպ գրկախառնվել այն դեպքում, որ այն ավելի թարմ տեսք ունի... դժվար է, քանի որ օտար է, ու ժամանակ է պետք նրան ընդունելու համար: Մարդու, փոխադրամիջոցի (օրինազանց տերերի փոխադրամիջոցի մասին է խոսքը, քանի որ հենց նրանք են ձգտում հպվել արգելված պտուղի նման քաղցր և իրենց՝ օրենքի շրջանակում բաժին չհասնող, հատվածին) շփում է պետք, փոշեհատիկներ են պետք, սայլակի անիվի հետք է պետք, անձրև ու կիզիչ արև է պետք, որ գույնը «տեղը գա», ինչպես դաշտերից քաղաք եկած կարմրաթուշ մշակի դեպքում, որ զարմանում է սպիտակամաշկ ու  այրող արև չտեսած հայացքների հանդիպելիս:
Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում, քաղաքի արևը իր հետքն է թողնում, մայթեզրի երկու կեսերը միացնող հանգույցը ձուլվում է:
Սա այն դեպքում եթե գտնվի մեկը, որին հուզում է նրանց միությունը, իսկ թե այդպիսին չկա, անորոշ ժամանակով երկու մասերը մնում են անհանգույց` միմյանցից բաժանված ու ցանկության դեպքում անգամ մեկնվել անզոր:
Մենք նման ենք այդ մայթեզրերին, կարող ենք քանդվածն անտեսել կամ հակառակն անել՝ կառուցել ու մաս-մաս եղած հոգուն նոր շունչ ներարկել:
Զգո՛ւյշ, մայթի վրայով քայլի´ր, ճանապարհից հեռու: Հանկարծ չընկնես. մայթեզրի այս հատվածը քանդվել է:

Thursday 3 October 2019

Իմ խենթությունը



Ասում են` անհնար է
Ապրել այս աշխարհում,
Թե խենթ չես...
Ու թե այդպես է,
Չլինել խենթ`
Ամենքի նման.
Սա է իմ խենթությունը,
Փորձել ապրել
Այս աշխարհում`
Չլինելով խենթ...
Դա է իմ ընտրությունը:
Չչվել` տաքի, նորի ետևից
Ընտրել բույնը` հին ու ցուրտ,
Երբեմն զգալ դարակում
Չտեղավորվող առարկայի,
Ներկի դույլի հատակին,
Այդպես էլ չօգտագործված,
Չորացած մի զանգվածի,
Տուփերում չտեղավորվող կոշիկի,
Այդպես էլ չծամված ուտեստի
Գրքի հաճախ չկարդացվող առաջաբանի,
Չորացած հացի վերջին կտորի
Նման:
Բայց խենթ չեմ ես
Ու հացը չեմ նետի,
Չչված, տաքի ու նորի ետևից
Չսլացած թռչնին կտամ,
Առաջաբանը չկարդացած մեկին
Վերջաբան կձոնեմ ու
Կարդալ կմեկնեմ,
Տուփերում չտեղավորված կոշիկը,
Դարակում չտեղավորված առարկան
Տաք ու ցուրտ բնի
Ամենաերևացող տեղում կդնեմ`
Կողք կողքի...
Չորացած ներկի հետ
Նյութեր կխառնեմ ու
Ստացված զանգվածից
Պատկեր կստանամ`
Իմ նկարներից հերթականը:

Այդպես կանեմ
Ու կապրեմ:
Ես խենթ չեմ` ամենքի նման...
Չլինել խենթ`
Սա է իմ խենթությունը: