Wednesday 14 April 2021

Մի քանի հազարը



Մեր գյուղի Անդոն, մեր բակի Վանոն...

Ու էլի մի քանի... մի քանի՞սը...մի քանի հազարը։

Լեզուս չորանար, չասեի։

Անդոն դժվարություններ տեսած տղա էր. իր ապրուստը արդար քրտինքով վաստակող ընտանիքից։ Միամտաբար գլխի չէր ընկնում կյանքում որոշումներ կայացնելու հետևանքների մասին: Մեր գյուղի օդի ու ջրի պես զուլալ էր միտքը, ի՞նչ իմանար։ Է՜հ, կյանքի մեծ մասը դաշտերում անցկացրած, իրական գեղեցկությունը տեսած, հաճախ չգիտակցած Անդո, է՜հ։

Վանոյին անձամբ չէի ճանաչում, բայց Վանոյի գնալուց հետո, մեր բակը` անձրևից առաջացող փոսերի պես, անախորժ դարձավ, մինչև հիմա անկյուններում Վանոյի կարոտն է կուչեկած` չորացած բալենու պես, որ կտրող չունի, բայց բոլորի սրտի վրա ազդում է: Ասում են` Վանոյի հեռանալը գուժող ժապավենը կախելու պահին արդարությունն ինքնասպան էր լինում. 22-ում։

Վազգեն Սարգսյանի Սամվելը (Սամվելները), Կոնսերվատորիայի Գագիկը.

Սամվելը նորաթուխ սպա էր, ռազմական հիանալի կրթություն ստացած, հասցրել էր լինել Փարիզում` ռազմական գործի նրբություններ էր սերտել Ֆրանսիայի սրտում։ Իրենից հուշանվեր է մնացել` Էյֆելյան փոքրիկ աշտարակ ու հիշողություն դարձած մի քանի ակնթարթ: Աշտարակի պես անհաս տղա։ Հրաշալի ընկերներ ուներ...կներե'ք տղաներ, չգիտեմ` ուր եք, տղաներ, բայց եթե իմանայի, եթե ժամանակին իմանայի՜, Ձեր դեմքերը կսերտեի, որ հերոսի նկարելիս, ամեն մեկիցդ մի հատկանիշ գողանամ։ Երևի երկնքին նայեմ, գուցե` կարողանամ...

Գագիկը. տաղանդավորը։ Մեկը մեր ախր աստղերի պես շա՜տ, աստղերի պես պայծառ տաղանդներից։ Աստված շնորհել էր Գագիկին ձայնով ու հոգով` ձայնի պես խոր հոգով. ասելիքով: Ասելիք կար ու շատ, բայց ժամանակը 9-րդ ամսվա 27-ից հետո դուրս է սայթաքել շավիղից ու ասում են` խելագարի պես տունն է փնտրում, չի գտնում։

Մեր առյուծ տղաները. Դավիթը ու Արան։ Կարգապահ ու խիստ հայրենասեր տղաները. թիկունք էին, ամուր էին, ընտանիք էին, արժանի էին: Ընկերության համար կյանքը զոհող, հայրենիքի համար չընկրկող էին, նահանջել չգիտեին, որովհետև սեր ու ընտանիք ունեին ու հայրենիքի համար գնացին, մեր հայրենիքը դարձան: Ասում են` երկինքն ու երկիրը քույրեր են, որ մեկ-մեկ նախանձում են իրար ու միմյանցից տանում ամենասիրելիներին: Երկինքը հաղթել է. նորից։

Մարտինն ու Նարեկը. գրեթե անբաժան ու անմահության ճամփին էլ` միմյանց չլքած լուսավոր տղաները։  Ժպտացող աչքերով, սեր ճառագող տղաները։ Ասում են` արևոտ օրերին երկնային ճամփեքին զբոսնում են, էլի երկուսով ու ճեմուղին սկսում է ծաղկել. իրենք չհասցրին...

Գագիկը. իր գործն իմացող, ճշմարիտ ու բարի, հույս պարգևող Գագիկը: Իր ներկայությամբ թևեր տվող Գագիկը. անթև թողեց։

Սպայի լավագույն օրինակ Արմենը. իր ետևից տանողը, իր օրինակով սովորեցնողը ու չհանձնվողը, նա ու նրա դասերը առած հերոս տղաները...

Երկինքը հարստացրած մեր տղաները։

Անդոն, Վանոն, Սամվելը, Գագիկը, Դավիթը, Արան, Մարտինը, Նարեկը, Գագիկը, Արմենը և էլի մի քանի...մի քանի՞սը...մի քանի հազարը։

Լեզուս չորանար, չասեի...