Thursday 28 May 2015

Գուցե․․․


Լինում է չէ՞․․․
Ալիքները դուրս են գալիս սահմաններից, բայց ոչ այնքան, որ մակընթացության պատճառ դառնան, քամին կատաղության րոպեական զգացումով է համակվում, բայց փոթորիկի չի վերածվում, աչքերդ շողում են արցունքների փայլով, ծանրանում են, վերջիններս էլ հոժարաբար թափվել են ուզում, ու կրկին սահմանը աներեր է մնում։
Լինում է՝ շատդ քիչ է թվում ու թվում ես քիչ քո լիության մեջ, երբ պետք է հասկանաս, որ պակասությանդ մեջ է թաքնված իրական լիությունդ։
Կասես՝ անարդար է․․․ կհամաձայնեմ երևի, բայց ավելին դժվար թե անեմ, գուցե՝ լռեմ։ Կնշանակի՝ լինում է նաև, որ բառերը կոկորդդ են պատռում, իսկ դու դրանց սպրդելու գեթ մեկ հնարավորությունից ես անգամ զրկում, եսասերի պես ազատ չես արձակում՝ վանդակում թառած թռչուն ես կարծում։ Հիմա ո՞վ է մեղավոր, որ վանդակն էլ ես դու, վանդակի թռչունն էլ, ո՞վ է մեղավոր, որ ինքդ ես քեզ անազատության սյունին գամել ու սահմանների՝ անգամ քեզ համար խրթին, գծեր ես տարել, երկրաչափական նոր պատկեր հայտնագործել։


Անարդա՞ր, թե՞ մեղավոր, ինչ ածական տամ․․․գո՞ւցե երկուսն էլ, երկուսին էլ արժանի ես, գուցե՛․․․անարդար ես քո հանդեպ ու մեղավոր՝ քո նկատմամբ։
Բայց մեղավորին էլ են չէ՞ փրկօղակ մեկնում, երբ նա խեղդվելուց փրկվելու անհաստատ փորձեր է անում, անձրևը սիրել էլ չեն դադարում չէ՞, երբ այն մինչև ուղնուծուծը թրջվելու պատճառ է դառնում, ու մանկան չարաճճիության վրա բարկանալուց հետո՝ վերջինիս հուզմունքից կախ ընկած շուրթը ու լի աչքերը տեսնելիս, համբույր են չէ՞ դրոշմում քաղցր այտին, որ թվացյալ սխալի համար իր հրեշտակային ժպիտը չկորցնի, բայց, առավել, որ այդ կորստի պատճառը չդառնան։
Ու ինչու՞ է, որ դեռ չեմ ստացել ամենակարող եսիդ բարեգթությունը, գուցե թե չափից շատ եմ կրում այդ արժանիքը, որ ավելցուկային չափաբաժին ես կարծում ինձ դրանով օժտելը․․․գուցե՛․․․

Tuesday 12 May 2015

Ավետիս

Վստահ էի, որ ամենից շատ ուզում եմ քեզ նամակ գրել, ու հիմա ինձ զգում եմ համր, ոչ թե խոսքս է համր, այլ՝ միտքս է համր ձևանում: Շատ բան եմ ուզում ասել… ուժ քեզ մաղթել, հավատալ, վաղվա կապույտ երկնքին ու հարթ ուղուն հավատալ, միայն ավետիսներին հավատալ, «գույժ» բառի մասին մոռանալ:
Նամակ գրելը հեշտ բան չկարծես...
Ու թե ականի ձայնն է այժմ քեզ խլացնում...իմ պատիժն ավելի է, լռությունն ու անորոշությունն է սիրտս խլացրել... ու թե վախենում եմ հիմա ժպտալ, դա նրանից է, որ վախենում եմ պատժվել ուրախության վայրկենական զգացման համար, պատժվել՝ քեզ այլևս չտեսնելու մտքով անգամ...
Չգիտեմ հիմա գրե՞մ քեզ «բա՛րև», թե՞՝ սպասեմ...


Սպասում եմ, բայց մի բանի չեմ սպասումչեմ սպասում, որ հարցնես որպիսությանս մասին։ Լավ ենք, տատիկը կասեր«մենք լավ ենք, դու՛ լավ լինե՛ս»։ Դու լավ լինես․․․
Օրերը տարվա պես են անցնում, քեզ, թերևս, դարեր կթվան, բայց ոչինչ, չմտածե՛ս, սա էլ կանցնի, օրն էլ կփոխվի ու վաղը Ավետիսը գիտի, թե դուռը հենց բացվեց, իսկ այն փակ է ամուր կողպեքով, ինքդ էլ գիտես՝ ինչու, ոտքդ տան շեմից ներս ես դնելու։ Քո պես կռիվ-կռիվ է խաղում։ Ինքը` խամաճիկներով՝ իսկական, կյանքդ՝ խամաճիկներով՝ մարդկային։ Բարդ է։ Չէ՛, չե՛մ բողոքելու, դու ինձ լավ գիտես։

Պատերազմ․․․թե ով հորինեց այդ անմիտ խաղը, ու ով որոշեց, որ խաղացողներից մեկն էլ դու ես լինելու։ Ավետիսը երեկ գիտե՞ս ինձ ի՞նչ ասաց«խելոք եմ ինձ պահելու, որ ետ դառնաս, գիտի թե նեղացել ես իրենից»: Համոզում եմ, որ նման բան չկա, դու էլ ինձ համոզի՛ր, համոզի՛ր, որ քիչ մնաց ու դու ես տան դուռը բացողը լինելու, դու ես խաղաղություն բերելու․․․Ավետիսին ավետիս ես բերելու․․․