Saturday 30 January 2016

Բանտարկված կոճակ և մերկ հիշողություն



Շարքից դուրս եկած կայծակաճարմանդը սառեցնում էր դալկացած, այն տանջված ու միևնույն ժամանակ օրդ լցնող, քեզնից շատ բան տանող, աշխատանքից կոպտացած մատներդ, որոնց փորձում էիր տաքացնել հնամաշ վերարկուիդ տակ: Ափսո՜ս, որ կայծակաճարմանդը դավաճանել էր տիրոջը… գուցե թե ինքն էր դավաճանված` կիսված լինելով երկու մասի` չունենալով միացման սարքին հնարավորություն: Այս խստաշունչ ձմռանը, երբ ամենուր զգացվում է Ձյունե թագուհու սառցե ներկայությունը, երբ ուզածդ արտաքին ու ներքին ջերմության միահյուսումն է, ամենատաք վայրը, ուր հնարավոր է ճամփա ընկնել, հիշողությունն է` ջերմագույն հիշողությունը:
Հիշում եմ երփներանգ կոճակներով լի այն արկղիկը, որը պահվում էր տանս դարակներից մեկում: Ինձ թվում էր, թե այն գանձ է կամ շատ թանկարժեք մի բան, իսկ ամեն անգամ, երբ Ձեր խոնարհ ծառային տրվում էր այն բացելու իրականում սովորական, բայց իր համար երանելի հնարավորությունը, կոճակների փայլը կուրացնում էին մանկական միամտությամբ լի աչքերը: Իրականում, այդ կոճակները տարիների ընթացքում կուտակված ջերմության առհավատչյաներ էին, որոնք մի օր բարկացել կամ թե հոգնել ու որոշել էին այլևս չտաքացնել իրենց խստապահանջ տիրոջը: Դրանք մի օր հրաժարվել էին հավերժ կապված մնալ իրենց տեղում և որոշել էին ճամփորդել, իսկ այդ որոշումը նրանց դարձրել էր բանտարկյալ` անազատության ապաստարանի նմանված այն գեղեցկագույն արկղիկի հավերժ բնակիչ:

Այսօր ես տեսա ցրտից փայտացած ու  կայծակաճարմանդի անսարքությունից ցուրտը գրկաբաց ընդունող խեղճ մարդու… ու ես հասկացա… ես հասկացա, որ կոճակներս մնացին բանտարկված, իսկ հիշողություններս` մերկ…

Monday 18 January 2016

Եվս մեկ...


Եվս մեկ օր պոկվեց օրացույցից, որն արդեն հոգնեցրել էր,
Մեկն օրերից, որոնց վաղուց արդեն  բարկացրել էր
Այն անտարբեր ու խիստ խոժոռ դեմքը մարդուս,
Որը մոլորված թափառում է` անվանելով իրեն «անհույս»:

Եվս մեկ ճյուղ խոնարհվեց քամու սաստիկ հարվածից,
Այն հարվածից, որն անսպասելի էր քամու կողմից,
Այն դաժան էր ու նման մի ապտակի հուժկու,
Երբ կենաց ընթացքը ոչ այլ ինչ է, քան` բանտ ահարկու:

Եվս մեկ է բռնեց հավերժության ճամփան` անպարագիծ,
Մեկն այն ճամփաներից, որոնք զարտուղի չեն, այլ` անբիծ,
Ճամփա` ընթացքը որի փառահեղ է, կոչումն` արդար,
Պայքար, որն ունի լոկ մեկ անուն. `անդադար:

Եվս մեկ երերացող շինություն հավասարվեց հողին,
Իսկ մարդիկս մոտ ենք արդեն կոչմանն այն` անհողին,
Կորուստն ավա՜ղ անհնար է վերականգնել…
Մեռած հոգուն ո՞վ կարող է ավերակից վեր հանել:

Եվս մեկ միտք դուրս թափվեց` հանձնվելով թղթին.
Շատ էր խեղդում իրեն ծնունդ տվողին,
Եվս մեկը կարդաց տողերն այս, լռեց…
Հիշե՞ց… թե՞ մոռացումի շղարշով այն պատեց: