Thursday 24 May 2018

Դու մի´ եղիր ճիշտ...



Դու մի´ եղիր ճիշտ
դու ասա ու արա այն
ինչ սպասում են քեզնից
բայց մի´ եղիր ճիշտ

Դու աջ այտդ մեկնի´ր
թե ձախին արդեն ստացել ես հարված
կարևոր չէ դա,
աջ այտդ մեկնի´ր

Դու մի´ նայիր աչքերի մեջ նրա
թեպետ աչքերդ լիքն են 
փշուր-փշուր եղած անմեղ վերքերով
մի´ նայիր միայն

Դու մի´ արդարացիր
քանի որ չկա ունկնդիր
բոլորը խուլ են առավել, քան` կույր
մի´ արդարացիր

Դու մի´ նեղացիր
հարվածողներ կան ու կլինեն
թե ուժեղ ես դու, մոռացիր ցավը ու 
մի´ նեղացիր

Դու մի´ եղիր ճիշտ... 

Քեզ չեն ների դա...

Wednesday 16 May 2018

Ես երեկ այցելեցի Քեզ...


Ես երեկ այցելեցի Քեզ
այն երախտամոռ մեկի նման,
որը Քեզ հիշում է միայն իր կյանքի
ամենաբարդ պահին.
երբ նեղության մեջ է:
Երբ կարիքդ ուներ:
Ես այցելեցի Քեզ, որովհետև
թեպետ ես չէի գալիս Քեզ ի տես,
ես հոգեպես հաճախ Քո շեմի առաջ
գլխիկոր կանգնած հետևում էի
սուրբ լռությանդ:
Երեկ ես այցելեցի Քեզ
ու այս անգամ
ոտքերս ինձ տարան
ու հասցրին հյուրերիդ քով:
Ես նստեցի Քո հյուրընկալ ու մեծ
տան նստարաններից մեկին ու
հետևեցի Քեզ օրհնող մանուկների
շուրթերից ելնող բառերի
անուշ ու մաքուր ընթացքին:
Ես տեսա պատերիդ կռթնած
հույսեր ու սպասում,
տեսա անհնարինը պահանջող
հայացքներ բազում, որոնք
գիտեին` իզուր են խնդրում,
բայց չէին կանգնում:
Ես երեկ այցելեցի Քեզ,
որ ոչ թե խնդրեմ ինձ օգնել,
այլ` ներել խնդրեմ

ուշ գալուս համար...