Monday 28 March 2016

Հետագիծը` կյանք



Ես, ե՜ս չէի կարող շնչել հոգսերիդ ծուխն այն անհամ,
Պղտոր էր այն, չուներ նշմարելի մի հետագիծ անգամ,
Չէի կարող արհամարհանքի ծաղկի բույրն առնել,
Երբ դրանով հազարավորներն էին ակամա տարվել:
Ասա՛`դժվար է քայլել, երբ ոտքերիդ տակ փշեր են աճում,
Առավել դժվար, երբ դրանց ցանողին դու տեր ես կոչում,
Ծառայում ես լո՜ւռ, չես էլ հանդգնում լոկ մի խոսք ասել,
Վախենում ես, թե ծառայիդ կոչումից էլ կարող են զրկել:
Հայելու հետ առերեսվելիս հաշվում ես այն կնճիռները
Ու մոռանում ես հիշել դրանց ծննդի պատճառները,
Չէ՜, տարիները չեն սոսկ, այն հարվածներն են բիրտ,
Այն անգութ շոյանքը, որ ցավեցնում էր ամեն սիրտ:
Այո՜, գրքի թերթերում ծաղկի չորացրած թերթիկի պես,
Դու ևս ընկար, ընկար մի օր ու եղար մի քանի կես,
Կարծես` մեկի համար էլ դու էիր զուտ մի առարկա,
Որին նայելով կարելի էր հիշել անցյալը, որ էլ չկա:
Քեզ տեսնելիս կարելի էր աշխարհն այս վեհ օրհնել,
Իսկ անիծել, ավա՜ղ, շատերն են անընդհատ փորձել,
Ու դառնում ես այն ծուխը, որից խեղդվում են նրանք,
Իսկ հետագիծը դրա մեկ բառ է միայն` կյանք:



Sunday 6 March 2016

Ես կարող էի լինել



Ես կարող էի, ու կարող էի, կարող էի…

Ես կարող էի լինել ձնծաղիկը` քեզ գարուն ավետող 
Ու կարող էի դառնալ մտքերիցդ պոկված, մինուճար մի տող,
Ես կարող էի արևի փայլից կուրանալ, ցնդե՜լ
Ու կարող էի հայացքիդ անհուն խորքերը սուզվել:

Ես կարող էի, կարող էի որսալ ամպիկը մոլոր
Ու կարող էի, կարող էի կանաչով ներկել ծիլերը բոլոր...
Ես կարող էի սլանալ, հասնել անգույն քո ստվերին
Ու կարող էի մի քանի վայրկյանով դառնալ անցյալին:

Ես կարող էի նկարել հիշողության մի ամբողջ կտավ
Ու կարող էի վրձինը դառնալ, չէի ընկրկի, բնավ
Ես կարող էի գրքիդ մեջ չորացված ծաղիկը լինել
Ու կարող էի այդ ծաղկի վնասված թերթիկը լինել:

Ես կարող էի պատից կախված հին մի ժամացույց լինել
Ու կարող էի ընթացքից հոգնած, կանգած մի սլաք լինել
Ես կարող էի բազմիցս երգված մի հին երգ լինել
Ու կարող էի վաղուց մոռացված, անհայտ հեղինակ լինել:

Ես կարող էի մատնվել քամու վայրագ ընթացքին
Ու կարող էի շատերի առաջ բացել իմ հոգին
Ես կարող էի դառնալ միայնակ մի խենթ ուրու
Ու կարող էի մեկնել սահմանումը թվացյալ բարու:

Ես կարող էի այդքան հարազատ մատները լինել
Ու կարող էի օտար ու սառը, կոպտացած լինել
Ես կարող էի չլինել մեկը նրանցից
Ու կարող էի դառնալ մեկը մեզանից:


Ես կարող էի, ու կարող էի, անկարող էի...