Sunday 5 August 2018

Դուռը

Այցելեցի Քեզ կրկին ու հյուրերիդ 
լիությունից ինձ դատարկ զգացի,
Չեմ հասկանում:
Տունդ այնքան հյուրընկալ է այս 
ամռան տապին, որ հազվադեպ
 հանդիպող քամին անսանձ
 ձիու պես տունդ մտնել է շտապում: 
Ապաստան է փնտրում:
Քամին ներխուժելով` դռներդ փակում է 
ու եթե անգամ քար ես դնում դռան տակ, 
Հաճախ չի դիմանում:
Սպասավորդ, գործն իր թողնելով,
 շտապում է դուռդ բաց պահել,
Սակայն նրան չի հաջողվում:
Դռան ուժեղ ձայնից մեր զրույցն
 ընդհատվում է ու, փորձելով չկորցնել 
մեր խոսակցության թելերը, ինքս եմ 
շտապում քարը դռան ոտքերի տակ դնել:
Եվ թեպետ ինձ թվում է, որ աշխարհում
 ոչինչ ի զորու չէ պայքարել կատաղած քամու
 դեմ, պայքարում է քարն այդ մի հատիկ:
Զարմանալի է, բայց դրանից հետո դուռդ
 այլևս չի փակվում, ու ես, նայելով վերև, 
Քեզ լոկ մի խոսք եմ ուղղում` շնորհակալ եմ:
Պարզապես այդժամ երջանկություն էր, 
որ Քո տան դուռը ես բաց պահել ի զորու եղա,
Կկարծես` մանկամիտ եմ` երեխա:
Սակայն ինձ ավելին պետք չէ Քեզանից,
Միայն, որ տանդ դուռը հավերժ բաց մնա...


No comments:

Post a Comment