Thursday 23 February 2017

Ինձ ցույց տուր երջանկության տանող այն ճամփան



Ինձ ցույց տուր երջանկության տանող այն ճամփան,
Որի գոյությունը երազանք չէ սոսկ, այլ՝ իրականություն,
Ցույց տուր ինձ անմնացորդ նվիրումի մի աստիճան,
Որով բարձրանալիս չի խարխլվի այն, ինչ կոչվում է սյուն։

Մի՛ արա այդպես, ժլատ մի՛ եղիր ու թող՝ վայելեմ
Այն, ինչ կոչում են պարզ մի բառով՝ իմացություն,
Թող՝ ես էլ համը իսկության ճաշակել փորձեմ,
Թող՝ այդ կտորն էլ ինձ օգնի ունենալ գիտակցություն։

Արա՛ այնպես, որ ես ուրիշի երգերով ապրել դադարեմ,
Ունենամ իմը ու ապրեմ կամ գոնե փորձեմ ես ապրել
Իմով, իմ երգով, այն մեկով, որին վերնագիր ես դեռ չունեմ,
Թող՝ այդպես լիներ՝ առանց վերնագրի, բայց իմը լիներ․․․

Այնպես արա, որ իմ ցավը բուժողը դու լինես, լոկ դու,
Ու անգամ հեռվից ինձ դարմանողը քո խոսքը լինի,
Այդժամ վստահ եմ, որ ինձ կբուժես միայն դու,
Իսկ ես երանի կտամ քո ձայնը լսած իմ ականջներին։

Չանե՛ս այնպես, որ ես ուրանամ իմ այն հավատը,
Որ ունեմ բացառապես ու հատկապես նկատմամբ քո,
Չփորձես մոռանալ, որ երջանկության մեր անապատը
Ծաղկելու է խեղճ իմ հավատով ու ծով համբերությամբ քո…

Լոկ այն ժամանակ, երբ դու թույլ տաս,
Լոկ այն դեպքում, եթե դու թույլ տաս․․․


Thursday 16 February 2017

Դու կարող էիր լինել





Դու կարող էիր, ու կարող էիր, կարող էիր․․․

Դու կարող էիր լինել  հերոսն իմ երազների
Ու կարող էիր քունն ինձ համար դարձնել անթերի,
Դու կարող էիր ինձ ստիպել սիրել նույն այդ քունը
Ու կարող էիր փոխել, գիշեր դարձնել քո անունը։

Դու կարող էիր լինել փողոցում հանդիպող անծանոթներից
Ու կարող էիր առանց պատճառի բարևել նորից,
Դու կարող էիր աչքերիս մեջ նայել ու անցնել
Ու կարող էիր այդ մեկ հայացքով ձյունը հալեցնել։

Դու կարող էիր գեթ մի քանի տող ինձ մի երգ հյուսել
Ու կարող էիր սեփական ձայնով ինձ այն մատուցել,
Դու կարող էիր բառեր անգամ չօգտագործել
Ու կարող էիր անբարբառ երգով ինձ դու հալեցնել։ 

Դու կարող էիր ինձ համար օտար մի լեզու լինել
Ու կարող էիր իմ սերտածներից խրթինը լինել,
Դու կարող էիր ինձ համար անլուծելի մի խնդիր լինել
Ու կարող էիր նույն խնդրի հեղինակը լինել։

Դու կարող էիր ինձ հետապնդող ստվերը լինել
Ու կարող էիր այդ ստվերը սպանող լույսը լինել,
Դու կարող էիր իմ շիկնած այտերի պատճառը լինել
Ու կարող էիր իմ դողացող գրչի թանաքը լինել։

Դու կարող էիր ձմռան ցրտին տաքացնող տաք թեյ լինել
Ու կարող էիր թեյն այդ քաղցրացնող շաքարը լինել,
Դու կարող էիր իմ արտևանունքին ընկնող փաթիլը լինել
Ու կարող էիր լոկ երկու վայրկյան դիմանալ, չհալչել։

Դու կարող էիր, ու կարող էիր, անկարող էիր․․․


Thursday 9 February 2017

Վերջ


Կյանքում հավերժ ոչինչ չկա բոլորն էլ գիտեն այս պարզ ճշմարտության մասին։ Բոլորն էլ կյանքում ստիպված են լինում համակերպվել որևէ բանի ավարտի հետ ու դա, ցավոք սրտի, լինում է շատ հաճախ։ Ուզում ենք դա, թե՝ ոչ, մենք համակերպվում ենք, քանի որ գիտենք, որ ոչինչ ի զորու չենք փոխել։
Երբ որևէ բան ավարտվում է, միակ զգացումը, որով լիքն է լինում հոգին, դատարկությունն է։ Դա այն զգացումն է, որի գոյությանը բացատրություն տալու համար հարկավոր չեն բառեր, հարկավոր չէ ոչինչ։ Դա հոգին կեղեքող ունայնություն է՝ անբացատրելի տկարություն մեկ բառով՝ ոչինչ։
Չնայած այն գիտակցմանը, թե ամեն բան աշխարհում իր վերջն ունի, մենք դժվարանում ենք համակերպվել։ Մենք չենք սիրում հրաժարվել մի բանից, չնայած, որ գիտեինք, որ նման օր, այնուամենայնիվ, գալու է։ Մենք դա լավ գիտեինք, բայց քանի դեռ կա ժամանակ ու ավարտը մոտ չէ, նախընտրելի է մոռանալ այդ փաստը, ուղղակի մեզ թույլ տալ չհիշել։ Այսպես ենք մտածում մենք։ Բայց ինչու՞։ Գուցե այն բանի համար, որ մենք սիրում ենք երես տալ ինքներս մեզ։ Մենք, ամեն դեպքում, նախընտրում ենք հավատալ սեփական ստին, քան ուրիշի ճշմարտությանը։ Հետաքրքիր է չէ՞։
Երբ որևէ բան ավարտվում է, մենք դիմում ենք ինքներս մեզ պաշտպանելու ամենացանկալի ու ամենահուսաբեկ մեխանիզմին՝ հիշողությանը։ Մենք սկսում ենք ապրել հիշողություններով, որոնք մեզ թույլ կտան (գոնե ժամանակավորապես) երկարեցնել մեր չհամակերպվելու գործընթացը դա նման է հիվանդի կյանքը որոշ ժամանակով երկարեցնելու փորձերին, թեպետ գիտես, որ դա միայն ժամանակավոր արդյունք է ապահովելու․․․
Գիտե՛ս, բայց միևնույն է գնում ես այդ քայլին՝ ապրեցնում ես թոշնող ծաղկին՝ խոնարհված թերթիկների վրա ջուր ցողելով ու անընդհատ խնամելով, փչում ես հանգչող՝ գրեթե ծխացած կրակը, այն հույսով, թե քո շունչը կայծ կդառնա ու կրակ կծնի․․․ չես հավատում վերջին՝ սպասելով, թե այն գուցե նաև սկիզբ դառնա։
Ու ապրում ենք այդպես՝ իմանալով վերջի մասին, բայց չհավատալով դրա ապացուցման կարիք չունեցող գոյությանը։ Մենք շարունակում ենք ապրել սեփական ստի մեջ՝ անտեսելով բոլորի ճշմարտությունը։