Wednesday 27 June 2018

Դու ինձ մեջքով ես կանգնել...


Դու ինձ մեջքով ես կանգնել, բայց ես չեմ սպասում,
որ ետ դառնաս, ու ներում հայցես.

Դու հարմար կանգնել ես նեղության մեջ...

Դու կողքիս ես նստել, բայց հայացդ հանել ես
պատուհանից ու չես նայում ինձ.

Դու հայացքդ գտել ես անցորդների մեջ...

Դու հեռանում ես ու անգամ մի պահ, գեթ մի պահ
 չես վարանում ու չես շրջվում դեպ ինձ.

Դու նայում ես առաջ` դեպի հորիզոնը խոստումնալից...

Դու ծնկի ես իջել ու խնդրում ես, որ օգնի քեզ նա,
քեզ ապավեն դառնա ու ամուր դարձնի.

Դու սպասում ես, որ նա դա անվերապահորեն կանի...

Դու կարդում ես շատ վարժ ու գիտես պատմություններ
բազում այն մասին, թե ինչ է կյանքը.

Դու հուսով ես, որ կյանքն էլ կիմանա, թե ով ես դու ...

Դու մոռացել ես ինձ, ու պատճառն այն չէ, որ
հիշողությունդ տեղի է տալիս արդեն շատ վաղուց.

Դու չես հիշում ինձ անգամ եթե պատկերս են դնում քեզ ի ցույց...

Դու քո երազում տեսնում ես այն, ինչ կատարյալ է
խրթին այդ էությանդ համար ու վերջ.

Դու երազ ես տեսնում, ու ես չկամ անգամ երազիդ հերոսների մեջ:

Դու ինձ մեջքով ես կանգնել իմ երազի մեջ