Saturday 18 August 2018

Մենություն



Մոռացված աղբյուրի պես հոգուս պատերն այնպես են մամռակալել,
որ անգամ քերելու դեպքում հետքեր կմնան ու չի հղկվի այն,
 ինչ կոչվում է մենություն:
Իմ հիշողությունն է միայն, որ հղկվում է անընդհատ քո ջրվեժի պես
հորդող խոսքերից, որոնք ամենուր սփռել ու գանգատվում ես,
թե լսող քեզ չկա:
Իմ աչքերի առաջ հորիզոններ են. կանաչ` ոտքերիս տակ ու կապույտ,
 երբ աղոթք եմ ասում առ Աստված ու
նայում երկինք
Ես տեսնում եմ իրար հաջորդող ու տարիքն արդեն առած այգու բնակիչներին,
 որոնց կնճիռներն արդեն ակոսից խոր են ու
ասելիք ունեն.
Բողոքում են, որ քո այդ մատները չեն խնամում իրենց ու այդ է պատճառը,
որ քեզնից այդքան նեղացել, տեսքով լայնացել, բայց
պտուղ չեն տալիս:
Դու էլ զարմացել, եկել ու նստել ես փտած ու գունաթափված նստարանին
ու փնտրում ես կյանքդ քաղցրացնող մեկին,
ու չես նկատում եսիցդ անդին:        
Մոռացված աղբյուրի պես հոգուդ պատերն այնպես են մամռակալել,
որ անգամ քերելու դեպքում հետքեր կմնան ու չի հղկվի այն,
 ինչ կոչվում է մենություն:


No comments:

Post a Comment