Friday 30 June 2017

Քամին, լուսինն ու ամպերը


Ամեն գիշեր՝ պատուհանից կախ,
Հետևում եմ ընթացքին՝
Ողջ օրն իր ներկայությամբ չպատված
Անհաստատ քամու։
Ապա` ինձ գերում է անխիղճ լուսինը,
Որն ամեն անգամ անամոթաբար
Խառնվում է մարդկային քնին`
Տանջում գիշերն իր գիրկն առած մեկին.
Չի թողնում, որ կոպերը հոգնած
Հանգրվան գտնեն քնի ջերմ գրկում
Ու չի ուզում, որ սիրտը լցված
Խեղդվի կեսգիշերվա բաժակում։
Այդժամ, երկինքն ամպոտ
Ինձ հուշում է պարզ մի բան՝
Հաճախ այն, ինչ դու կոչում ես կարոտ,
Մեզ ստիպում է դառնալ երազահան,
Ի զորու չենք հաճախ մեկնել
Երազները մեր ունայն,
Այդ պատճառով ընկնում ենք մենք
Գիրկը անուրջ մթության
Ու լոկ հետևում ընթացքին քամու,
Լուսնի հանդգնությանն ու ամպերին հլու․․․