Tuesday 30 April 2019

Թե հնար լիներ․․․



Թե հնար լիներ գլուխս կհենեի ուսիդ,
Հոգնությամբ կծածկվեր այն մեկ վայրկյանում,
Այն նույն հոգնությամբ, որ օրս է լցնում,
Ու քանի դեռ դժվարությամբ կոպերս չեն փակվում,
Հազիվ եմ սանձում իմ արև նոր տեսած ձիու պես խռով ցանկությունը,
Համոզում եմ անուժ ոտքերին հենվել
Բայց նման է դա տեղատարափին չթրջվելուն:
Որքան կրճատվում է տարածությունը,
Ամեն մարդու հետ,
Թվում է` հանցավոր խաղ է
Այս հոգնությունը...
Ու անձրևոտ այս օրերին, երբ համընկնում են իմ հոգնությունն
Ու երկնից իջած տխրությունը
Ես պայքարում եմ երկուսի դեմ, բայց անհավասար մարտում,
Ինքդ էլ գիտես, թե ով է հաղթում:
Ո´չ ես, ո´չ իմ հոգնությունը ...
Երկուստեք պայքարում հաղթում է երրորդը.
Դո´ւ, ամեն մարդու հետ մեծացող այն տարածությունը:

Sunday 21 April 2019

Առաջին էքսկուրսիան



Գյուղում ծնված ու կյանքի առաջին տարիներն այնտեղ անցկացրած փոքրիկի համար երջանկությունն այնքան աննշան թվացող երևույթ է։ Երբ գարնան գալստյան հետ, ուսուցիչները՝ փոքրաթիվ աշակերտների խմբի հետ, բարձրանում էին դպրոցից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող սար՝ զբոսնելով փոսերի պակաս չունեցող խորդուբորդ ճանապարհով, մանուկն ապրում էր իր կյանքի առաջին «էքսկուրսիան»։
Մանուկն ապրում էր երջանկությունը։
Ճամփեզրի կանաչն այնքան սիրելի էր, հատկապես երբ թաց խոտերի վրա մաքրում էր իր միակ կոշիկների հետ գրկախառնված ցեխի անախորժ շերտը և թեթևացնում՝ քայլերը։ Դա իրական ազատում էր մանուկի համար, քանի որ մի քանի սանտիմետրանոց շերտը դժվարացնում էր ընթացքը՝ դառնալով փոքրիկի կյանքի առաջին ծանրությունը։ Երբ մաքրում էր ցեխը, նայում էր կոշիկներին, որոնք ջրի հետ շփումից հասցնում էին գունաթափվել ու ուրախանում, որ դրանք գոնե մաքուր են։ Հետո ինչ, որ հասցրել էին արդեն լցվել ջրով ու խոնավեցնել փոքրիկի «փոռիկներով» կիսագուլպաները։
Ճամփի մեջտեղում գոյացած փոսն այնքան երկար էր իր տեղն ամրացրել, «տնավորվել», որ արդեն իր հարկի տակ հյուրեր էր ընդունում սև ու հազիվ նկատելի շերեփուկներ, որոնք մի օր ձուկ պետք է դառնային։ Դա փոքրիկի մանկական երևակայության մեջ չէր տեղավորվում, բայց նա զգուշորեն էր անցնում իր կյանքի տեսած առաջին «ծով»-ի կողքով, որ հանկարծ անզգուշաբար չտրորի ափերի մոտ խիզախորեն լողալ սիրող փոքրիկներին։
Փոքրիկը ուշադիր էր բնության նկատմամբ, և շատ զգուշորեն էր պոկում իր համար երկրային առաջին հրաշքի ապացույցին՝ աշխարհի ամենագերող բույրն ունեցող ձնծաղկին, քանի որ մեծերից լսել էր, որ եթե հանկարծ արմատով հանդերձ հողից կտրես, կնեղանա ու այլևս չի աճի։ Ձնծաղիկը փոքրիկի կյանքի առաջին սերն էր, ավելի ճիշտ առաջին սիրուն նվիրելու միակ «անվճար» հնարավորությունը, որ բնությունն էր տալիս մանուկին։
Նա երջանիկ էր, որ իր կյանքի առաջին «բաց դաս»-ն անցկացնում է բնության (իրեն այդքան մոտ բնության) գրկում։ Թեպետ, գիտեր, որ այլ հնարավորություն չունի։ Գյուղի սահմաններից դուրս ամեն բան այնքան անհասկանալի էր, այնքան անհնար։
Ճգնավորի փեշին (Ճգնավորը գյուղի ամենաբարձր սարն էր ըստ ավանդության, սարի գագաթին մի հավատավոր մարդ է ճգնել, և, նրա պատվին էլ, սարի անունը մնացել է «Ճգնավոր», իսկ այդ տեղում գյուղացիների ջանքերով, դեռ անհիշելի ժամանակներում, փոքրիկ մի սրբատեղի է կառուցվել) երփներանգ գորգի տպավորություն էին թողնում առաջին ծաղիկները, այն անմեղները, որոնց անգամ պոկել հնարավոր չէր լինի, այնքան կարճ էին ցողունները, որ փոքրիկը խղճում էր դրանց՝ չզրկելով դեռ չապրած կյանքից։
Ուսուցիչները քննարկում էին աշակերտների համար միշտ անհասկանալի՝ «մեծական» հարցեր, որոնց ականջ դնելն անգամ անիմաստ էր թվում փոքրիկի համար, ապա դառնում աշակերտներին՝ հեռուն չգնալու հորդորով։ «Ցեխերի մեջ չմտնեք», «թաց խոտերին չնստեք», սրանք փոքրիկի բաց դասի պատվիրաններն էին, որոնց հնազանդվել էր պետք, իսկ դրանց չհետևելը կարող էր դառնալ առաջին մեղքը։
Այսպես, այդքան կարոտած արևի առաջին համբույրներն ընդունելով, արտերի պռունկներն ուսումնասիրելով, խնամքով ձնծաղիկներ հավաքելով (առաջին սիրուն նվիրելու հանձնառությամբ) ու, թե բախտը բերի, սունկ գտնելու փափագով, մանուկն ապրում էր իր կյանքի առաջին էքսկուրսիան, իր կյանքի առաջին երջանկությունը։

Thursday 4 April 2019

Սպասում



Երբ սպասում ես ինչ-որ բանի,
Ժամանակը սկսում է անխնա տանջել:
Արհեստականորեն,
Միայն իրեն ծանոթ կերպով,
Երկարացնել սպասման ակնթարթները:
Սպասում ես, թե երբ է գալու գարունը,
Ու հանկարծ տանդ դռներից ներս է մտնում
Սպիտակափեշը` թագուհին ձմռան:
Լսվում են նրա ահագնացող ոտնաձայնները,
Որոնք տանդ հատակին հալչում ու մեռնում են,
Երբ մաքրում ես դրանց, այլապես`
Ամեն անգամ պարտությունդ հիշեցնել են փորձում:
Որքան էլ հյուրընկալ լինես,
Ու տարվես գեղեցկությամբ նրա,
Սկսում ես արևի` մահ խոստացող
Համբույրներից, թուլանալ,
Հավասարվել հողին` ձնեմարդու նման:
Նորից հաստ ու ծանր հագուստները,
Մարդկային կերպարանք ստանալով,
Խեղդում են քեզ`
Փաթաթվելով նուրբ պարանոցիդ...
Փորձում ես շնչել,
Փորձում ես ապրել
Ու էլ չսպասել...

Wednesday 3 April 2019

Աստղ է ընկնում...✨



Իրականում, երկնաբնակները պարահրապարակով մեկ են վազվզում` փորձելով սերտել բարդ շարժումները պարի:
Այդ ընթացքում փեշերից պոկվում ու հին վերարկուի կոճակի նման ցած են ընկնում ամուր չկարված աստղերը:
Ընկնում են ամենաանպատեհ պահին, երբ ցրտից պաշտպանվելու, հոգիդ պաշտպանելու կարիք ունես:
Ընկնում են զգեստի ամենագեղեցիկ աստղերը` առանց որոնց զգեստի փեշերն այնքան անուշ չեն զնգում, երբ պտտվում ես ու գլխապտույտի պատճառ դառնում:
Առանց որոնց զգեստը չի շողում,
Իսկ երկինքը շողում է,
Երազանք պահած աչքերի նման...