Thursday 29 January 2015

Պատկերացրու




Պատկերացրու՝ հեքիաթում ես հայտնվել,
Քո անունով մարդիկ երգեր են հյուսել,
Երազել են հասնել անհաս էությանդ,
Մեղմությանդ ու այն անզոր հաղթությանդ։
Պատկերացրի՞ր...

Պատկերացրու՝ հոգուդ գիրքն են կարդացել
Ու հոգուդ մեջ նոր էջեր են վեր հանել,
Վերծանել են բարությունդ,
Մենությունդ ու այն հզոր խեղճությունդ։
Պատկերացրի՞ր...

Պատկերացրու՝ ազատել են գերությունից
Ու զրկել են կամ թե փրկել քո այդ դերից,
Փորձարկել են պիրկ այն կամքդ,
Ճշմարիտ թվացող շինծու փառքդ։
Պատկերացրի՞ր...

Պատկերացրու՝ խաղացել են ազնիվ դերդ,
Կարդացել են խենթ մտքերդ,
Փայփայել են թույլ քո սիրտը,
Փորձել ուղղել սխալ քո ճիշտը։
Պատկերացրի՞ր...

Պատկերացրու՝ պատկերացնել անկարող ես,
Ապրել ահա՛ պարտավոր ես,
Թեկուզ անմեղ մեղավոր ես,
Ապրի՛ր, քանի դեռ կարող ես։
Պատկերացրի՞ր...

Sunday 18 January 2015

Աղետ․․․

Աղետ․․․
Այս բառն իր էությամբ անգամ ահագնացող զգացման մասին է բարբառում։ Աղետներն իրենցից ավելի սաստկալի իրադարձություններ են ներկայացնում, քան մարդկային ուղեղին ու պատկերացումներին է հասու։ Աղետները որքան վերացական են, այնքան էլ իրական և՝ հակառակըանգամ ամենաիրական իրականության մեջ դրանք վերացականության հույսով են վարագուրված, ասել է թե՝ չհավատալ աղետին, անգամ եթե աչքերիդ տրվել է այն տեսնելու ողջ դժբախտությունը։ Չհավատա՛լ, անգամ եթե հայտնվել ես աղետի էպիկենտրոնում ու դողացող հատակի հետ առանց այն էլ թույլ ու խեղճ սիրտդ է դողում, երբ տեսնում ես անտեսանելին ու զգում ես անհասկանալին։


Երբ գիշերվա մթության մեջ ամեն բան տեսանելի է քեզ համար անհասկանալի տեղից հայտնված լույսի շնորհիվ, (որն ավելի շատ ճակատագրի դաժան խաղ է հիշեցնում, քանի որ այն ստիպում է տեսնել անգամ բաներ, որոնք չկան, մտացածին են ու շինծու) երևակայության խաղերն անչափ թանկ են նստում մեզ վրա, ու գիշերվա քունը խանգարվում է վերահաս աղետի կրկնությունից վախեցող  մարդկանցս համար։ Դժվար է ասել խելագար բանականություն է, թե՝ բնական խելագարություն։
Աղետն այնքան տարօրինակ հատկություն ունիանգամ եթե այն քեզ չի խնայել ու չի շրջանցել, չես դադարում հավատալ, հույսով հավատալ՝ խաբկանք է՝ տեսածդ, լսածդ, պատկերացրածդ, զգացածդ, ապրածդ․․․կորցրածդ։ Երևի մեզ՝ աղետի դեմ անզորներիս տրված հույսի, անհասկանալի պատճառներով, կուրորեն ծնված կույր ու ամենատես հավատի շնորհիվ է, որ աղետից հետո ապրելն իրական է թվումկարծես արագահաս մեկը հիշողությունդ սրբում է, անհետացնում ողջ խավարը ու քեզ է մնում միայն աղոտ պատկեր՝ իրական ու մտացածին այն աղետի։
Աղե՞տ, իսկ ի՞նչ է աղետը…