Tuesday 11 July 2017

«Ես եմ մեդիան»


Մի գեղեցիկ օր մեդիան մտավ մեր կյանք, իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր․․․

Այսօր, մայիսի երեսունն է, ու ես գրում եմ այն մասին, թե ինչ է մեդիան ինձ համար կամ փորձում եմ համոզել՝ ինչու եմ համարում, որ մեդիան ոչ այլ ոք է (մեդիային «ոչ այլ ինչ» որակել ես չեմ համարձակվի), քան՝ ես։ Ու, մինչ ես տարված եմ այդ աշխատանքով, մեդիան շնչող օրգանիզմի պես, թթվածին է արտադրում ընթերցողների համար: Այլ հարց է, որ ինչպես քաղաքի օդն է աղտոտված, այնպես էլ՝ մեդիայի թթվածինն անմասն չի  մնում թունավոր նյութերի հետ անցանկալի շփումից։ Մարդիկս էլ հաճախ ծուլանում ենք ու հրաժարվում քայլեր ձեռնարկել թույնը չշնչելու համար: Մարդս հեշտասեր է, ի՞նչ կարող ես անել․․․

***



Այսօր մայիսի երեսուն մեկն է, ու գարնան վերջին օրը մեդիան՝ իր բոլոր դրսևորումներով, «պատմում» է ծխախոտի ու դրա արգելքի մասին՝ քարկոծում ու փառաբանում, դատափետում ու գովաբանում, բայց մի՞թե դա չէ մեդիայի գործառույթը։
Մեդիան վերջին դասի ամենագնացի պես օժտվում է բոլոր հնարավոր նորարար գործառույթներով ու հաճախ, արագահոս ընթացք ստանալով, վթարվում։ Վթարներն անխուսափելի են, ճանապարհը՝ խորդուբորդ (մեր գյուղ տանող ճանապարհի նման ի դեպ, մեդիայի միջոցով մի օր այդ հարցն էլ արժի բարձրաձայնել, հնարավոր է՝ համապատասխան մարմիններին լսելի դառնա խնդիրը ու այդ ժամանակ, գուցե, գյուղի ամենատարեցը՝ պապս, առաջին անգամ լսի «մեդիա» բառը ու, ինքն էլ չկասկածելով, դառնա մեդիայի մի մասնիկը)։ Շեղվեցի․․․
Վթարվելուց  հետո, մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում վթարի համար ստեղծված նպաստավոր պայմանները, դրդապատճառները, կարևորն արդունքն էնույնն էլ ամեն նյութի հետ է լինում, մարդիկ չեն սիրում մտածել, թե «ինչու», չէ՞ որ «ինչ»-ն արդեն կա, «ինչու»-ն ինչների՞ս է պետք։

***

Ինչպես ասում է իմ մեդիագրագիտության դասախոսը՝ «մեդիագրագետ լինելու համար բնավ պարտադիր չէ մեդիագրագիտություն ուսումնասիրել, («մեր ժամանակ նման առարկաներ չէին էլ դասավանդում․․․») բավական է ընդհանուր կրթվածություն, ինքնակրթվածություն ունենալ, կարդալ, ուսումնասիրել ու չմոռանալ «ինչու»-ի ու շատ հաճախ նաև «ինչու»-ների մասին»․․․ Ասել է թե՝ գրագիտություն գումարած ինքնակրթություն, հավասար է՝ մեդիագրագիտություն։  (բրյուսովցու համար հավասարումը բառային էլ կարող է լինել․․․ նախընտրելի է, որ այդպիսին էլ լինի․․․) Ինչևիցե, ես դեմ չեմ, որ ինձ կարդան, դու՝ ևս։
Վերջիվերջո, մեդիան ու ընթերցողը նման են ամուսին-կին հարաբերություններին, ինչքան էլ որ ամուսինը՝ այս դեպքում մեդիան, կառավարի կնոջը՝ այսինքն ընթերցողին, իրականում ընթերցողն է որոշում՝ որ կողմ պտտել իր «պարանոց»-ը։ (Ներեցե՛ք, սիրելի՛ տղամարդիկ ու ների՛ր ինձ, մեդիա՛)։

Մի գեղեցիկ օր ես որոշեցի գրել մեդիայի մասին, իսկ թե ինչ եղավ  հետո, շատ հուզիչ էր․․․