Saturday 26 October 2013

Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների Արևը» վեպի տպավորություններով


«Անհետացած մարդուն, որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը: Հարկավոր է հավատալ անհայտությանը: Եվ հարկավոր է հավատալ Նրա հայտնությանը»:
Այս հակադրությունը միակը չէ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների Արևը» վեպում, սակայն այմ մեզ խորհելու բազում առիթներ է տալիս: Այս վեպի ընտրությունն ինձ համար աննպատակ կամ պատահական չէ: Ես էլ եմ երկվորյակ, թեպետ անունս Արևի հետ դժվար թե ասոցացվի, դա չխանգարեց ինձ ընկղմվել հեղինակի խոր մտորումների հորձանուտի մեջ և երբեմն էլ կորցնել սեփական գիտակցության բանալիները: Ես հուզվեցի, ժպտացի և անգամ տրվեցի հայտնի անհայտության այն աշխարհին, ուր Արևն Աստված է ծղրիդների համար: Խորն է…

Վեպի գաղափարական բովանդակության խորությունն անտարբեր չի թողնում: Անգամ կենցաղային նկարագրություններն են կենդանանում աչքիդ առջև և, կարծեք, հրավիրում են քեզ` այդ ներկայացման հանդիսատեսից` գործող կերպար օծվելու:
Հեղինակի առաջ քաշած հարցերը, որոնք իրենց կենդանությունն են առնում «փոքրիկ» Արեգի շուրթերով, անտարբեր չեն կարող թողնել: Դրանք անկեղծ են, իրենց միամտության մեջ իմաստուն: Ինչքան բան են կապում մարդկային հոգիները: Մարդիկ իրար չեն ճանաչում (չնայած անիմացությունն էլ թվացյալ է), բայց չես իմանա մարդուն ճանաչում ես, թե՞` ոչ, մինչև ՉՃԱՆԱՉԵՍ նրան: Ճանաչելը մարդուն նույնը չէ, ինչ ՃԱՆԱՉԵԼԸ մարդուն: Եթե ասածս անհասկանալի էր, ուրեմն չճանաչեցիք ինձ: Ես գիտեմ, թե ով է ինձ ՃԱՆԱՉՈՒՄ: Երբ Արեգը նայում էր հայելու մեջ, թվում էր`եղբայրն է`երկվորյակը: Նա`իմ երկվորյակն է ՃԱՆԱՉՈՒՄ ինձ:
«Իսկ եթե Դուք ինձ չհասկանաք…»,- մտածեցի ես,- կասեմ, որ տանուլ տվեցի մենամարտս. Արեգի պես արտը չայրեցի, բայց մի քանի թուղթ այրեցի, որոնք  ապարդյուն թվացին ինձ: Որոշեցի ոչ ոքի չասել, որպեսզի չկշտամբեն մտքերիս վերջը տալու և դրանք հավերժ թաղելու համար: Դրանց համար խաչքար չեմ կարող կանգնեցնել, բայց հողին հանձնելն էլ է ծանր:
Փակվեցի հոգուս մութ խցերում, որոնք եկեղեցու պես խորհրդավոր են, որտեղ վանական փնտրելու փորձերն իզուր են, սակայն արևի շողերն այնտեղ, այնուամենայնիվ, թափանցում են: Շողերը կուրացնելու չափ առատաձեռն են, փոքրիշատե դաժան: Բայց դրանք սովորեցնում են փակել աչքերդ, երբ պետք է հասկանալ, որ կուրանալ, դեռևս չի նշանակում կույր լինել, իսկ լինել ոչ կենդանի, դեռ չի ապացուցում, որ մեռած ես: Կարևորը տեսնես տեսանելին:
Մարդու սպիտակ մազերը կենդանի ապացույցներն են նրա ամեն մի տառապած օրվա, իսկ կորուստները` մարդկային կորուստները դրանք կրկնապատկում են: Բայցև սովորեցնում չընկրկել, փյունիկի պես հառնել մոխրից:
Արևն ուզում է թաքնվել, ամպերի հովանավորությունից օգտվելով, ժլատ է դառնում պատշգամբում նստած երկվորյակներին տաքացնելու հարցում, բայց չի հեռանում, որովհետև Նրա մեջ անթաքույց լույս կա, որն ի զորու է անշեջ մնալ: Ես ու Նա տեսնում ենք այդ լույսը, Արեգն ավելի է մոտենում մեզ:
Գիտե՞ք, իմ երկվորյակն իմաստության աստվածուհու անունն է կրում:

- Զգու՞մ ես, Երկվորյա՛կ, Արևի շողերն ընկնում են իմ ու քո դեմքի վրա, գու՞ցե Արևը ՃԱՆԱՉՈՒՄ է մեզ:

Wednesday 9 October 2013

Նամակ


Սիրելի՛ …………..
Վերջերս նամակ գրելու անհագուրդ ցանկությունը համակել է ինձ: Դժվարանում եմ նման ցանկության առաջացման պատճառը բացատրել, սակայն, երբ սիրտդ քեզ հուշում է գրել. գրիչն ինքն է շարժումներ անում սպիտակ թղթի վրա. պարզապես հարկավոր է մարդու չնչին միջամտությունը:
Վերջերս մտածում էի, թե ինչքան բան են մարդիկ կորցնում, երբ իրենք իրենց շղթայում են սեփական մտքի խուցերում և կողպում են իրենց տրված երևակայության դռները:
Ուզում եմ, որ հասկանաս նամակիս բուն նպատակն ու դիտավորությունը. ես կարող էի գրել, որ ամեն բան ինձ մոտ լավ է, եղանակն արդեն ժլատ է դարձել, կարող եմ  հարցնել, թե ադյոք ամեն բան իր հունով է ընթանում: Բայց ես հոգնել եմ, հավատա, որ հոգնել եմ մերօրյա եղելությունից. Մարդը խիստ փոփոխության է ենթարկվել` անազնիվ է և բարության հանդեպ անհավատ:

                   

Հուսով եմ, որ դու դեռ երկար (ցանկալի է, որ երբեք) չես համալրի նման մարդկանց շարքերը: Ես համոզված եմ, որ դու ինձ չես հիասթափեցնի:
Գիտես, որ կյանքում ամեն ինչ չէ, որ հավերժ է ամեն մեկը չէ, որ հավերժ է, ամեն մեկը չէ, որ միշտ կողքիդ կլինի, բայց նման մարդիկ երբեք չեն կորցնի աշխարհում ամենագեղեցիկ, ամենաբաղձալի տիտղոսներից մեկը` իրական, անմնացորդ նվիրումով օժտված ընկերոջ դերը:
Իմ ընկե՛ր, նամակիս միջոցով ուզում եմ իմ կարոտն ու սերը փոխանցել:
Մարդն ամեն տարի փոխվում է. նրա էությունն իրականում նույնն է մնում, սակայն նրա պատկերացումները կյանքի, սեփական նպատակների վերաբերյալ, այլ են: Բայց մի բան ես, իրավամբ, սովորել եմ: Կյանքն ինձ անհամեմատ ուժեղ է դարձրել:
Մյուս անգամ, երբ ճակատագիրն ինձ նվեր մատուցի, և ես տեսնեմ քո հրեշտակային կերպարը, կուզեմ, որ քո հրաշք ժպիտն ինձ դիմավորի:
Հիշի՛ր ինձ, իմ ընկե՛ր, իմ բարությա՛ն տիպար: