Wednesday 26 September 2018

Իսկ ես կարծում էի...



Ճերմակել էիր, իսկ ես գիտեի, թե
Աստված ինքն է ձյան փաթիլներ
շաղ տվել վարսերիդ վրա 
ու հոգնության բեռ կախել արտևանունքներից քո մեղմ:
Կռացել, մոտեցել էիր հողին,
իսկ ես գիտեի, թե կյանքն ինքն է խոնարհել հասակդ,
 բայց մոտ չէ խելքին...
ու դու էլ մոտ չես խելքին:
Դու, որ ողջ կյաքում երաժիշտ էիր,
մոռացել էիր ամենածանոթ 
մեղեդու նոտաները,
որ անգիր գիտեիր անգամ քնիդ մեջ:
Դու, որ նկարիչ էիր,
կորցրել էիր գունապնակդ օգտագործելու
 զգացումն ու չափըու անգամ մտքերիդ ուղին
գծող մատիտն այն սև:
Եվ դու´, որ գրող էիր,
չգիտեիր արդեն, թե ինչպես վարվել
հոգուց ու բերանից ելնող բառերի հետ, որոնք
մոլորված մանկան նման հուսահատ մորն են փնտրում:

Չեն գտնում...

Իսկ ես կարծում էի` ճիշտ էի կարծում
Իսկ ես կարծում էիճի´շտ էի կարծում:




Friday 21 September 2018

Կապույտ երկնքիդ համար...

Քո կապույտի համար,
որին խաղաղ
երկինք են ասում,
կարմիր է հոսել
ու ոչ թե որդան,
այլ` կարմիրն արյան,
ու դու հասել ես
մեր ժամանակներ:
Քո անկախ ու վեհ
ընթացքի համար
շատ ճամփաներ են
զարտուղի եղել
բայց քո հավատքը
վեր էր քեզանից,
ու քո խորանը
սուրբ էր ամենից:
Հոսել էր...
կապույտիդ համար`
կարմիր էր հոսել
ու խոստում մի սուրբ,
որ դու չլքես,
բայց եթե անգամ
ուխտադրուժ լինես,
դռները բաց են,
որ քո տան շեմին
աղոթքդ ասես
ու լոկ ամփոփես
8 տառի մեջ, որ
հորիզոնական դիրքով
անվերջություն է...
Պատահական չէ,
որ սահման չունես
ու չկա ավելի պարզ
մեկնություն կամ թե
սահմանում իմ տան համար,
Հայաստա´ն աշխարհ...


Կապույտ երկնքիդ համար
կարմիր արյուն է հոսել...

Thursday 20 September 2018

Քո պատճառով



Քո պատճառով խլացել էին
Իսկ դու գոռում էիր
Որ քեզ լսեն.
Անդրդվելի ես...
Քո պատճառով կուրացել էին,
Իսկ դու նետվում էիր նրանց անիվների տակ,
Որ կանգ առնեն.
Անմեկնելի ես...
Քո պատճառով համրացել էին,
Իսկ դու հարցեր էիր տալիս,
Որ պատասխանեն.
Անօգնական ես...
Քո պատճառով թոշնել էին,
Իսկ դու ջրում էիր,
Որ ծաղկեն.
Անարդար ես...
Քո պատճառով անզգայացել էին,
Իսկ դու հարվածում էիր,
Որ ցավ զգան.
Անխիղճ ես...
Քո պատճառով երազել էին,
Իսկ դու արթնացնում էիր,
Որ կյանք վերադառնան.
Անհույս ես...
Քո պատճառով ցրտահարվել էին,
Իսկ դու կրակ էիր այրում,
Որ ջերմանան.
Անհենարան ես...
Քո պատճառով շատ ափեր ցամաքել էին,
Իսկ դու ավազից տներ էիր կառուցում,
Որ ապրեն.
Անիմանալի ես...
Քո պատճառով պատերազմում պարտվել էին,
Իսկ դու ճակատամարտում էիր հաղթում,
Որ մխիթարվեն.
Անբուժելի ես...

Դու հիվանդ չես
Դու մարդ ես...