Sunday 21 April 2019

Առաջին էքսկուրսիան



Գյուղում ծնված ու կյանքի առաջին տարիներն այնտեղ անցկացրած փոքրիկի համար երջանկությունն այնքան աննշան թվացող երևույթ է։ Երբ գարնան գալստյան հետ, ուսուցիչները՝ փոքրաթիվ աշակերտների խմբի հետ, բարձրանում էին դպրոցից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող սար՝ զբոսնելով փոսերի պակաս չունեցող խորդուբորդ ճանապարհով, մանուկն ապրում էր իր կյանքի առաջին «էքսկուրսիան»։
Մանուկն ապրում էր երջանկությունը։
Ճամփեզրի կանաչն այնքան սիրելի էր, հատկապես երբ թաց խոտերի վրա մաքրում էր իր միակ կոշիկների հետ գրկախառնված ցեխի անախորժ շերտը և թեթևացնում՝ քայլերը։ Դա իրական ազատում էր մանուկի համար, քանի որ մի քանի սանտիմետրանոց շերտը դժվարացնում էր ընթացքը՝ դառնալով փոքրիկի կյանքի առաջին ծանրությունը։ Երբ մաքրում էր ցեխը, նայում էր կոշիկներին, որոնք ջրի հետ շփումից հասցնում էին գունաթափվել ու ուրախանում, որ դրանք գոնե մաքուր են։ Հետո ինչ, որ հասցրել էին արդեն լցվել ջրով ու խոնավեցնել փոքրիկի «փոռիկներով» կիսագուլպաները։
Ճամփի մեջտեղում գոյացած փոսն այնքան երկար էր իր տեղն ամրացրել, «տնավորվել», որ արդեն իր հարկի տակ հյուրեր էր ընդունում սև ու հազիվ նկատելի շերեփուկներ, որոնք մի օր ձուկ պետք է դառնային։ Դա փոքրիկի մանկական երևակայության մեջ չէր տեղավորվում, բայց նա զգուշորեն էր անցնում իր կյանքի տեսած առաջին «ծով»-ի կողքով, որ հանկարծ անզգուշաբար չտրորի ափերի մոտ խիզախորեն լողալ սիրող փոքրիկներին։
Փոքրիկը ուշադիր էր բնության նկատմամբ, և շատ զգուշորեն էր պոկում իր համար երկրային առաջին հրաշքի ապացույցին՝ աշխարհի ամենագերող բույրն ունեցող ձնծաղկին, քանի որ մեծերից լսել էր, որ եթե հանկարծ արմատով հանդերձ հողից կտրես, կնեղանա ու այլևս չի աճի։ Ձնծաղիկը փոքրիկի կյանքի առաջին սերն էր, ավելի ճիշտ առաջին սիրուն նվիրելու միակ «անվճար» հնարավորությունը, որ բնությունն էր տալիս մանուկին։
Նա երջանիկ էր, որ իր կյանքի առաջին «բաց դաս»-ն անցկացնում է բնության (իրեն այդքան մոտ բնության) գրկում։ Թեպետ, գիտեր, որ այլ հնարավորություն չունի։ Գյուղի սահմաններից դուրս ամեն բան այնքան անհասկանալի էր, այնքան անհնար։
Ճգնավորի փեշին (Ճգնավորը գյուղի ամենաբարձր սարն էր ըստ ավանդության, սարի գագաթին մի հավատավոր մարդ է ճգնել, և, նրա պատվին էլ, սարի անունը մնացել է «Ճգնավոր», իսկ այդ տեղում գյուղացիների ջանքերով, դեռ անհիշելի ժամանակներում, փոքրիկ մի սրբատեղի է կառուցվել) երփներանգ գորգի տպավորություն էին թողնում առաջին ծաղիկները, այն անմեղները, որոնց անգամ պոկել հնարավոր չէր լինի, այնքան կարճ էին ցողունները, որ փոքրիկը խղճում էր դրանց՝ չզրկելով դեռ չապրած կյանքից։
Ուսուցիչները քննարկում էին աշակերտների համար միշտ անհասկանալի՝ «մեծական» հարցեր, որոնց ականջ դնելն անգամ անիմաստ էր թվում փոքրիկի համար, ապա դառնում աշակերտներին՝ հեռուն չգնալու հորդորով։ «Ցեխերի մեջ չմտնեք», «թաց խոտերին չնստեք», սրանք փոքրիկի բաց դասի պատվիրաններն էին, որոնց հնազանդվել էր պետք, իսկ դրանց չհետևելը կարող էր դառնալ առաջին մեղքը։
Այսպես, այդքան կարոտած արևի առաջին համբույրներն ընդունելով, արտերի պռունկներն ուսումնասիրելով, խնամքով ձնծաղիկներ հավաքելով (առաջին սիրուն նվիրելու հանձնառությամբ) ու, թե բախտը բերի, սունկ գտնելու փափագով, մանուկն ապրում էր իր կյանքի առաջին էքսկուրսիան, իր կյանքի առաջին երջանկությունը։

No comments:

Post a Comment