Sunday 17 March 2019

Այն մասին, թե ինչպես կտրեցի վարսերս




Այս շաբաթ ես վերջապես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ժամանակ կար:
Ես ոչ թե վարսերից, այլ վարսերիս պես հոգումս ճյուղավորված, խոր ու երկար արմատներ դրած, անընդհատ ինձ անկատարություն հիշեցնող, ինձ երկար տանջող մտքերից ազատվեցի: Թվում է` մարդ լիարժեք է, երբ չի փոխվում, բայց, իրականում, մարդն անկատար է, երբ հմուտ դարպասապահի նման փորձում է որսալ իր սահմաններից ներս ընթացող փոփոխության գնդակը: Մեծ հաշվով, կարևոր չէ հմուտ ես դու, թե ոչ, եղանակն անձրևային է, թե ոչ, գնդակը թաց խոտի վրա պտույտներից հետո անհարմար է որսալու համար, թե ոչ, մատներդ քրտնել են այդ մեծ ու անհարմար ձեռնոցների մեջ, թե ոչ, տեսողության հետ խնդիր ունես, թե ոչ, արևը կուրացնում է աչքերդ, թե ոչ, հակառակորդի պաշտպանները շրջապատել են քեզ` անհարմար դիրք ստեղծելով, թե ոչ, դու միևնույն է վաղ թե ուշ բաց ես թողնելու գնդակը, քանի որ անառիկ դարպասներ չկան, անսխալ դարպասապահներ` առավելևս:
Այդժամ մտածելու ես, որ քեզ արդարացում չկա, որ դու պարտվել ես կյանքի դեմ խաղում, մինչդեռ խաղը, որ դու խաղում ես, հենց ինքը կյանքն է: Միակ բանը, որ պետք է անես, հասկանալն է, որ դու այնքան բարձրահասակ չես դարպասապահի դիրքում խաղալու համար, ոչ էլ այնքան լավ ես տեսնում, որքան ինքդ քեզ ես հավատացրել ողջ կյանքում: Դու չպետք է վախենաս կախել ձեռնոցներդ մեխից, քանի որ տանդ պատն այնքան դատարկ էր, որ զարդարելը բնավ չէր խանգարի:
Ես չվախեցա, չվախեցա գնդակ ընդունել, այնպես, ինչպես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ես վերջապես կտրեցի վարսերս...
Այս շաբաթ ժամանակ կար:
Այս շաբաթ ժամանակ կա՞ր...
Ես ժամանակ ունեի միշտ:


No comments:

Post a Comment