Monday 11 March 2019

Անհնարը



Գոլորշին փակում է առանց այդ էլ հազիվ տեսանելի տեսադաշտը ու մարդուն մնում է մեկ բան. պատկերացնել:
Դա մարդն ամենից լավ է անում: Պատկերացնում է բաներ, որոնք ցանկալի են կամ ոչ այնքան, բայց ամենի հետ մեկտեղ, պատկերացնում է անհնարը: Սա դեռ ոչինչ, բայց անհնարի ու իրականի ճանփաբաժանը դառնում է նրա միակ կացարանը, որում մարդը հանգստանում է, ուժ հավաքում: Նա սնվում է ճամփաբաժանի ձախ կողմում գտնվող անհնարի ափսեից, իսկ երբ հասկանում է, որ դա բավարար չէ քաղցը հագեցնելու համար, թեքվում է դեպի աջ` իրականություն:
Մարդը մտածում է սովի ու այդ սովը սպանելու մասին ու հաճախ, երբ այդ միտքը սկսում է կրծել առանց այդ էլ նիհար ու տկար հոգին, նա սկսում է կուրանալ: Այդժամ ուտելի է դառնում ամենն, ինչ հնարավոր է իրականության ու անհնարինի գոյակցության պայմաններում: Կարևոր է միայն մեկ բան. կանգ առնել: Դու գիտե´ս` մարդկային երևակայությունը սահմաններ չունի, սակայն մարդն է սահմաններ դնողն ու օրերից մի օր անպայմանորեն առերեսվելու է երևակայության թուլացմանը, դանդաղ մահվանը: Մարդը ստիպված է լինելու դառնալ միայն աջ` սնվելով միակ գոյից` իրականությունից:
Մի´ շտապիր տխրել, քանի որ ամեն բան այդքան վատ չէ, չէ՞ որ մարդն օժտված է. նա կարող է ցանել սերմեր, բերք ստանալ, միայն չհնձել իրականության հետզհետե պակասող դաշտերը, նա կարող է տնկել` հատելիս...
Նա կարող է իրականը, բայց նա կարող է նաև ավելին` անհնարը:

No comments:

Post a Comment