Monday 30 September 2013

Ոչինչ, որ ամեն ինչ է...

Հանկարծ կանգ առավ և ուղիղ նայեց տղայի աչքերին.
- Այն օրն ի՞նչ էր պատահել քեզ: Թվում էր՝ ինչ-որ տագնապ կա հոգումդ: Այդ աղոտ տեսարանը հանգիստ չի թողնում ինձ և անընդհատ նշմարվում է աչքիս առջև: Չեմ կարողանում մոռանալ աչքերիդ խեղճ արտահայտությունը: Այն նման էր հոգուդ. նույնքան մոլորված և անպաշտպան:
- Գիտեմ, որ լռությունս քեզ համար ոչինչ է. բաց գիրք, որը կարդալու համար ճիգ գործադրելու կարիք չունես: Ես մոլորվել եմ, բայց պատճառն իմ հոգին էլ է կեղեքում: Չկա ավելի վատ բան, քան սեփական հոգուդ լացի պատճառը չհասկանալը: Այն օրը մի անասելի, տարօրինակ կասկած մտավ սիրտս: Վախենում եմ սխալվելուց…

- Հասկանում եմ քեզ, սակայն միայն դու կարող ես փոխել այս բարդ դրությունը: Լավ գիտես, որ ուրիշներն անզոր են, եթե բացակա է մեր ցանկությունն ու անմնացորդ ձգտումը:
- Հրա՜շք: Դու իմ ճանապարհին ես հանդիպել և մի՞թե կա ավելի լավ բան այս կյանքում, քան մեկն ով կլսի քեզ ծանր պահիդ և թանկ խորհուրդներ կտա, անկեղծ կարտահայտվի և չի վախենա ճշմարտության հետ առերես հանդիպելուց: Անգամ մեր սեփական ստվերն է մեզ լքում, երբ բոլոր ճանապարհները փակուղի են տանում, իսկ դու այն արևն ես, որը լուսավորում է ամենախրթին ճանապարհս և ճեղքում ողջ խավարը:
Մինչև կյանքիս վերջը երախտապարտ եմ լինելու քեզ:
- Ամեն ինչ փոխադարձ է: Միայն մի բան հիշի՛ր, երբ կյանքը ծանր հարված է հասցնում, մի՛ շտապիր չարանալ և հակահարված տալ: Փորձի՛ր կանգնել և պահել այդ հարվածը:
Կյանքը խաղ է, մի քմահաճ արքայադուստր, որը խնայելու հարցում այդքան էլ բարեհաճ չէ: Մեր առաքելությունն այդ խաղի կանոններին ենթարկվելն ու այն տանուլ չտալն է: Հավատա՛, որ դա մենք ի զորու ենք: Միայն այդ ժամանակ կկոչվենք մարտիկներ, իսկ ավելի լավ ապագայի տեսլականը կբացվի մեր առջև: Այդժամ, երբ կբացվի արևը…

Դու փյունիկի պես կհառնես մոխրից:

No comments:

Post a Comment