Tuesday 30 July 2013

Բայց


Կյանքը գեղեցիկ արքայադստեր է նման. հմայիչ է, ցանկալի, սակայն անչափ քմահաճ` իր ցանկությունների մեջ: Նրան գոհացնելը չափազանց բարդ առաջադրանք է, իսկ չարաճճի խաղերը թանկ են նստում մեզ վրա:


Երբ ծնվում ենք, թվում է`շատ ուժեղ ենք և կարող ենք հաղթահարել նրա մարտահրավերները: Մեծանալով` հասկանում ենք, որ, գուցե, շտապել ենք եզրակացություն անելու հարցում։ Իսկ երբ հայտնվում ենք նրա կառուցած արենայում կամ վանդակի ճաղերի ետևում, գիտակցում ենք, որ ամեն բան այդքան էլ դյուրին չէ, մենք էլ այդքան զորեղ չենք փառքի դափնիները կրելու պատվին արժանանալու համար: Սակայն կա մի ԲԱՅՑ: Բայց ո՞վ է ասել, որ մենք չենք կարող փորձել: Հայտնի խոսքն ասում է. «փորձը փորձանք չի բերում»: Դեպի հաղթանակ տանող ճանապարհն անցնելու փորձը ավելի է արժևորվում, երբ այն արդար է և դրված է հավատի և հավերժ պայքարի հիմնասյան վրա: Դա մենք ի զորու ենք, դա մեր`մարդ արարածներիս առաքելության մեջ է մտնում:

Ամեն ինչ չէ, որ սկուտեղի վրա մատուցվում է: Փորձել եմ, փորձում եմ, կփորձեմ: Գուցե չստացվի, սակայն ես երբեք չեմ զղջա, որ կարող էի, բայց այդպես էլ չգտա ուժ և չփորձեցի փոխել: Ես այսօր բարձրացա ևս մեկ աստիճան. Հիմա կարևոր է պինդ բռնվել և բաց չթողնել մեր իսկ մանած «փրկության կծիկը»:

No comments:

Post a Comment