Thursday, 3 October 2019

Իմ խենթությունը



Ասում են` անհնար է
Ապրել այս աշխարհում,
Թե խենթ չես...
Ու թե այդպես է,
Չլինել խենթ`
Ամենքի նման.
Սա է իմ խենթությունը,
Փորձել ապրել
Այս աշխարհում`
Չլինելով խենթ...
Դա է իմ ընտրությունը:
Չչվել` տաքի, նորի ետևից
Ընտրել բույնը` հին ու ցուրտ,
Երբեմն զգալ դարակում
Չտեղավորվող առարկայի,
Ներկի դույլի հատակին,
Այդպես էլ չօգտագործված,
Չորացած մի զանգվածի,
Տուփերում չտեղավորվող կոշիկի,
Այդպես էլ չծամված ուտեստի
Գրքի հաճախ չկարդացվող առաջաբանի,
Չորացած հացի վերջին կտորի
Նման:
Բայց խենթ չեմ ես
Ու հացը չեմ նետի,
Չչված, տաքի ու նորի ետևից
Չսլացած թռչնին կտամ,
Առաջաբանը չկարդացած մեկին
Վերջաբան կձոնեմ ու
Կարդալ կմեկնեմ,
Տուփերում չտեղավորված կոշիկը,
Դարակում չտեղավորված առարկան
Տաք ու ցուրտ բնի
Ամենաերևացող տեղում կդնեմ`
Կողք կողքի...
Չորացած ներկի հետ
Նյութեր կխառնեմ ու
Ստացված զանգվածից
Պատկեր կստանամ`
Իմ նկարներից հերթականը:

Այդպես կանեմ
Ու կապրեմ:
Ես խենթ չեմ` ամենքի նման...
Չլինել խենթ`
Սա է իմ խենթությունը:

Friday, 30 August 2019

Երբ աստղ կընկնի...



Նորացած այս քաղաքի
հին ու կիսաքանդ շենքերի
հրաշակերտ զարդանախշերի նման
սակավ են այն ակնթարթները,
երբ զգում ես`
ինչպես է քամին ուժգնանում,
բերում ու քաղաքի փոշին
շաղ տալիս աչքերիդ մեջ:
Չես զգում ու գուցե
նույն այդ պատճառով
մոռանում ես կրել գլխիդ
ամուր տեղավորված ակնոցը,
աչքերդ չես փրկում պղտորվելուց:
Աչքերդ չես փրկում,
բայց երկնքին նայելիս,
գիշերվա մթին,
երբ պարզ օր է լինում,
փորձում ես սերտել աստղերը
ու դրանց միությունից
ստեղծվող պատկերը:
Ներքին ջերմությունը
չի թողնում ողջ էությամբ զգալ
քամու` ակնթարթ ձգվող այցը,
չես զգում ոչինչ ու պարզվում է`
ամեն ինչ զգալ չի լինի:
Ամեն ինչ, այո´, չի ստացվի,
բայց կզգաս
բախումը իրականության հետ
ու անկումը երազանքի,
երբ աստղ կընկնի...

Tuesday, 27 August 2019

Թե չլինեիր հորինվածք․․․



Իմ կյանքի խարանն ես դու,
պիտի լինեիր օրհնանքը,
իմ քանդված եկեղեցին,
որը նորոգող չունի..
Մահաբեր հանգույց ես,
 որ լուծում չունի,
ու մի հորինվածք,
 որ պատմող չունի:
Բայց ապրում ես դու,
ապրում ես դու`
ճակատիդ կնճիռներ նկարելով:
Դրանք երաշտին
միմյանցից հեռացող
 հողաշերտերի նման
կարոտ են...
հողաշերտը`ջրի, դու` սիրո ...
Այդպես՝ սիրո կարոտ,
ապրում ես ու երազում
ամենաբարձրի մասին,
բայց չգիտես՝
ոչ բոլորն են ծնվել
ամենաբարձր գագաթները հաղթահարելու,
ամենախորքերում լողալու համար,
շատերը սարի լանջի կանաչը
գրկել են գերադասում,
ծանծաղ ջուրը
մատների ծայրերով զգալ ուզում...
քանի որ գիտեն, որ
գետնի հողաշերտի վրա անգամ
կարելի է երջանկություն նկարել ու
հավատալ, թե իրական է:
Կարծում ես` հեքիաթ է,
անգամ եթե չէ,
թույլ տուր ես պատմեմ,
թե ինչպես
կփակեմ աչքերդ,
 որ լսես...
կհարցնես` ինչը,
կասեմ` թռչուններին,
ու երգը նրանց,
բայց նկատի կունենամ
սիրտը իմ,
ու բաբախյունը դրա
որ անունդ է տալիս.
կամաց,
որ չլսես...

Իմ կյանքի խարանն ես դու,
պիտի լինեիր օրհնանքը,
թե չլինեիր հորինվածք,
որ պատմող չունի:


Monday, 29 July 2019

Քարերի միջև կակաչ է ծաղկել․․․



...քարերի միջև
կակաչ է ծաղկել,
մի՞թե ես քեզ
չեմ գտնելու...
կակաչն էլ գիտես`
որ տեսակից է,
այն իսկականը,
դաշտաբնակը,
այն, որ հետքեր է թողնում
մատներիդ վրա,
թե դիպչես...
և, ուրեմն,
ցանկություն ունես
կակաչի նման
ծերպերին ծաղկել
ու ինչ-որ մեկի
երազը լինել,
իսկ թե քեզ դիպչեն,
հետքը քո թողնել:

Friday, 12 July 2019

Արի չհանդիպենք



Արի չհանդիպենք, որ կյանքում մեր ոչինչ չփոխվի
Ու խավարամիտ մնանք, չիմանալով, որ
Գոյություն ունի արեգակի կամ լուսնի խավարում անգամ:
Որ եթե ինձ համար արև լինեիր,
Չխավարեիր անգամ մեկ վայրկյան
Ու թե քեզ համար լուսին լինեի,
Դեղին իմ զգեստը սևով չներկվեր և ոչ մի վայրկյան:
Արի չհանդիպենք ու երազենք,
Թե հանդիպումը մեր լինելու է հենց
Լիալուսնի օրը,
Երբ մեր հոգում խառնված կլինեն
Բոլոր զգացումները ու կթվա, թե ոչ այլ ինչ է, քան
Լուսնային պատրանք։
Այն, որի դեպքում լուսինն ավելի մեծ է թվում,
Ինչպես մեր պատկերացրած սերը կթվա։
Արի չհանդիպենք ու պատկերացնենք,
Թե որքան գեղեցիկ կարող էին լինել
Առաջին հանդիպման հայացքները,
Որ երկուսիս ոտքերը հատակից կտրվեն,
Օդային վիշապի պես քամուն մենք տրվենք ու
Մի պահ թվա, թե չկա ժամանակ ու տարածություն,
Այլ կա մահկանացուին անհաղորդ,
Միջանկյալ մի մութ իրականություն,
Որի լույսը մենք կվառենք` կախարդական լամպի միջոցով,
Որից ջին դուրս չի գալիս, բայց սեր է ծորում ու
Անգամ ծխից սևացած պատերն են վկա,
Որ հնար այս ամենին կա, թե պատկերացնենք...
Արի չհանդիպենք, որ ես պատկերացնեմ
Հագուստիդ գույնը ու թե որքան այն կսազի
Քո՝ իմ պատկերացրած աչքերի հետ
Ու քո ձեռքերի՝ ամուր ու
Մշտապես օգնության մեկնող։
Արի չհանդիպենք ու պատկերացնենք՝
Ինչպես լռել, երբ վախենում ես,
Թե նա կլսի կրծքիցդ ուր որ է թռչել պատրաստվող
Սրտի անհամաչափ բաբախյունը
Ու գլխի կընկնի․․․
Արի չհանդիպենք, որ ես երանելի զարմանք ապրեմ, որ
Գուշակել ես, թե ինչ ծաղիկներ եմ սիրում
Ու զսպեմ ինձ, որ ուրախությունից չթռչկոտեմ`
Մանկան նման
Ու խաղալիքների այն զսպանակաձև:
Արի չհանդիպենք, որ
Հեքիաթ մեզ թվա իրականությունը,
Նման այն հեքիաթներին, որոնք լսելիս,
Քնից առաջ կոպերդ ամուր փակելով,
Պատկերացրել ես քո հերոսին ու
Կերտել կատարյալ կերպարը նրա:
Արի չհանդիպենք, որ այդ նույն հեքիաթում մնանք,
Միմյանց համար այդ
Հեքիաթը լինենք...

Արի չհանդիպենք․․․

Saturday, 15 June 2019

Հացը


 
Մինաս Ավետիսյան՝ «Լավաշ թխողները», 1962


Չոր լավաշի վերջին մնացորդներն ափսոսալով՝ փշրում ես ամանի մեջ, ապա՝ մատներով մանրացնում սառնարանում մնացած պանրի կտորը ու խառնում։ Հետո, մանկությանդ համը զգալու փափագով, անկշտաբար սկսում արագ-արագ ուտել չափից ավելի չորացած ու արդեն շատ աղի թվացող զանգվածը ու հիշում․․․
Հիշում ես, թե ինչպես էին լավաշ թխում գյուղում գիշերը կամ լուսադեմին խմորն էին պատրաստում (անում), ապա՝ ծածկում մինչև խմորը «գա»։ Վաղ առավոտյան, երբ աչքերդ տրորելով բացում էիր «խմորի սենյակի» դռները, ամբողջ հատակին համաչափ շարված դիմավորում էին գնդերը, որ իսկական, ռազմական գնդի էին նման՝ զինվորական շքերթի պատրաստ, որ հենց հրաման ստանային, նույն համաչափությամբ շարային քայլքով հրապարակ էին բերելու մարտական դրոշը։
Պարտադիր պայման էր, որ մանկան ձեռքերը բախտը փորձեին՝ խմորի ուշաթափված մնացորդներից կլորիկ գունդ պատրաստելու հարցում։ Հաճախ անհաջողությամբ պսակվող այս գործողությունը մոր կամ տատի՝ կյանք տեսած, շորեր կարկատած ու այս անգամ էլ՝ անհաջողությունդ կարկատելու պատրաստ հրաշագործ ձեռքերի միջոցով փրկվում էր։
Դու էլ «փրկված» գունդը «սուրբ-սուրբ» պահում էիր՝ մինչ կավարտեին հացը թխելը, որ վերջում թոնրի կրակի համբույրը քո գունդն առնի։
Սկուտեղների վրա դարսվում էին գնդերը ու հերթով կրակի հետ հանդիպման ուղարկվում։ Ետդարձի ճամփին էլ արդեն կրակի համբույրներից շիկնած, մորդ սուրբ ձեռքերով թխված լավաշն, իր բույրը շռայլորեն տարածելով, մտնում էր տունդ՝ երբեմն հորդ՝ սրբությունը տեղափոխող ձեռքերով։ Ասես՝ նորահարսին էին տանում հարսանեկան զգեստը, այն, որ միշտ երազել էր․․․։
Այդպես էին ընդունում հացը։

Wednesday, 22 May 2019

Նա






Նա այքան անուշ է շոյում քո վարսերը,
ասես խենթ քամուն մի օր խանդել է,
որ ի վերուստ արդեն հնար այն ունի
դրանց փարվելու,
ասես աշխարհի բոլոր հոգսերը`
թռչնի թև առած, հեռու են չվում,
երբ ժպտում են նրան քո սև աչքերը,
որոնց հատակին անգամ մեռնելը
երազանք չէ սոսկ,
այլ` մի օրհնություն:
Պատրաստ է նա իր մարմնով թեկուզ
պաշտպանել քեզ բոլոր ցավերից,
նաև թշնամու կողմից արձակված թունավոր նետից,
որը ոչ այլ ինչ է, քան դրվագ`
 մահվան հետ անժամանակ հանդիպումից:
Բայց պատրաստ է նա
ու կանի նա դա`
լոկ այն պատճառով,
որ ոչինչ առավել չէ հոգու այն ցավից,
որ նա կզգա քո ցավը տեսնելիս:
Իսկ թե պատճառը հենց ինքը լինի,
իրեն չի´ ների
դու գուցե ներես,
բայց նա չի´ ների…
Քեզ օգնել անկարող թե լինի,
կանիծի օրն իր այս լույսը տեսած,
արևը ծագած, որ ջերմություն պիտի բերի,
 իր սիրտը քար կդարձնի
ու ձեռնածուի պես կխաղա այնքան,
 մինչև կընկնի ու, հատակի վրա,
փշուր-փշուր լինելով, կուշաթափվի,
հետքեր կթողնի`
անջնջելի,
իսկ փշուրները այդպես էլ կմնան
հավերժ անջատ ու
անսոսնձելի:
Նա անգիր կսերտի մատներիդ շարժումները
 ու թե ինչ նրբությամբ ես ուղղում վարսերդ
ու քայլում մտախոհ ու արագորեն,
երբ միտքդ զբաղված է
աշխարհը փրկելու անհույս ծրագրով:
Երբ հեռու ես դու,
նրա բոլոր զգայարանները չեն ենթարկվի
 ու միայն անանուն մեկը,
 որ ոմանք սիրտ,
 ոմանք էլ հոգի են կոչում,
 կտոր-կտոր կլինի:
Կլինի արնաքամ,
Թե ասես` չկա´մ:
Թե ասես` չկա´ս...