Thursday, 14 February 2019

Թռչնի թևերը



Արևի ճառագայթներն ինչո՞ւ չեն խանձում թռչնի թևերը,
Արագ-արագ թափահարում է այն ու իմ մտքերը
Հասնում են նման անհնարինության:
Միտքն էլ մարդկային խախտում է բոլոր օրենքները,
Դրա համար էլ ասում են` հակադրվում են ցանկալիներն ու կարելիները:
Ու ամեն անգամ, երբ տեսադաշտում իմ հայտնվում են հավքերը,
Ես մարտնչում եմ օրենքների դեմ․․․
Ո´չ, օրինապաշտ եմ ես,
Օրինախախտ չեմ ես,
Բայց արդյոք օրինաստեղծ անձերը
Հաշվի՞ են առնում մեր մտքերը:
Կա՞ արդյոք օրենք, որն ամփոփում է իր մեջ, թե ինչպե՜ս սիրել սերը,
Ու ո՞վ է ասել, որ նման բան չկա:
Ի՞նչ դու կկոչես, երբ ծառերն են անգամ փարվում երկնքին,
Իսկ երկինքն իր հերթին նրբորեն շոյում ծառերին`
Դիպչելով առավոտ կանուխ իր դեմքին քսվող անհարդար վարսին:
Ու ամեն անգամ դա ակնդրելիս,
Ես հասկանում եմ, թե ինչու չեն խանձվում թռչնի թևերը,
Մոռացե՛ք բոլոր օրենքները:
Պատճառը մեկն է` սերը:

Monday, 11 February 2019

Աշխարհը կանգնուն է, քանի որ դու կաս...



Կա այս աշխարհում իմաստուն մեկը,
Ում գրկում քո բոլոր խնդիրները դառնում են չնչին,
Ում կրծքին հենած քո գլուխն ասես
Ազատվում է բոլոր ցավերից,
Ում սիրով լցված աչքերի մեջ դու
Ապրում ես, բայց հաճախ չգիտես,
Թե որքան մեծ ու ազնիվ տեղ ունես...
Այդ մեկի ժպիտի համար պատրաստ ես ամենի գնալ,
Իսկ անգիտակցաբար պատճառած ցավի համար
Անքուն ու տեսակդ կրծող գիշերներ են պետք:
Քո սիրելի ուտեստը կպատրաստի այնպիսի սիրով,
Որ կթվա, որ աշխարհիս երեսին ավելի համեղ բան չկա:
Քո ցավն ու անհանգստությունը ավելի ծանր կտանի
Ու թե հնար լինի, կմարտնչի քո կյանքում հանդիպած բոլոր արգելքների դեմ:
Նրա շնորհիվ է աշխարհն այնպիսին,
Ինչպիսին դու ուզում ես տեսնել,
Քանի որ կանի ամեն բան քեզ քո պատկերացրած աշխարհը տալու համար:
Իր ուսերին վրա անգամ կպահի, թե կարիք լինի:

Աշխարհը կանգնուն է, քանի որ դու կաս...
08․02․2019թ․

Monday, 21 January 2019

Ազատում



Լինում է նաև այդպես...
Մի օր էլ կյանքն ապտակում է դեմքիդ` 
Ձյան փաթիլների հետ սառն ու անսպասելի հանդիպում նշանակելով։
Կոտրված սիրտդ սկսում է փշուր-փշուր լինել 
Բարակ ու հին այն ապակե բաժակի նման, 
Որը քեզնից երկար էր ապրել։
Արցունքներդ խառնվում են արդեն իսկ հալչող ձյանն ու գոլորշիանում,
Զգում ես ամեն բան անգամ մատներով,
Ցավն ասես մատներիդ ծայրն է մինչև հասնում ու թվում է`
Կոտրվում են անուժ, ցրտից կարմրած ձեռքերը քո:
Աչքերդ, որ ամենից շատ ջերմության կարիք ունեն,

Ու որոնց տեսողությամբ հպարտանում էիր,
Սկսում են կուրանալ ձմռան արևից, որը միակողմանի սիրո է նման` 
Գեղեցիկ ու սպանող․․․
Ապա քո սիրելի մեղեդու հնչյունները սուր ու սպանիչ են դառնում, 
Ապրում ես ամեն բառն այնպես, ասես թույն ես ըմպում կաթիլ առ կաթիլ,

Զգում ես, թե ինչպես է հոգիդ ուժասպառ լինում` անճարությունից:
Ուզում ես գեթ մի բառ արտաբերել, բայց այս աշխարհը պատրաստ չէ քեզ լսել

Ու մնում է մեկ բան` կուլ տալ վերջին կաթիլը թույնի...
Քո ամենօրյա ճանապարհը դժոխք է տանում,

Որից որքան էլ ազատվել ես փորձում, չի ստացվում:
Եվ ինչու՞․․․
Քանի որ հաճախ չես ընտրում դու,
Ընտրում են քեզ:
Իսկ դժոխքից ազատվել կարող ես միայն,

Երբ դժոխքն այլևս քեզ չուզենա տեսնել: 
Լինում է նաև այդպես...


Saturday, 12 January 2019

Հանդիպում



Մայրամուտները մեկնվել էին լեռների ծերպերի վրա,
Շիկնել, չհավատալով, որ դարձել են
Նման հանդիման գործող անձ ու վկա:
Ամպերն իրենց հերթին խոժոռվել էին.
Ասում են` դա այլ անուն ունի արդ,
Կարծես` դա կոչում են խանդ: 
Ամպերն այդ խանդոտ տեղավորվել էին
Կարմրահերի ու ալեմորուսի մեջտեղում
Ու հարվածելու փորձեր էին անում ապարդյուն:
Այս ամենին այդքան մոտ հեռուներից հետևում էր
Խանդախենթի փեշերի տակ թաքնված լուսնի
Նիհար ու բարակահյուս մահիկը:
Թերատ մի սկավառակ,
Որի երեսն ամբողջությամբ տեսնելու համար
Օրեր պետք է անցնեն:
Իսկ ամպը...
Նրա զգեստն այնքան էր երկար,
Որ փեշը մի ուղիղ ու անվերջ գծի էր նման
Այն մարմնավորում էր
Իրենց երազների հետևից թռչող մարդկանց հետագիծը...
Հետագիծ, որ կյանք է արժենում հաճախ:

Բացվում է հաջորդ օրն ու
Ջնջում հանդիպման մասին ամեն ապացույց՝
Թողնելով ամեն բան երևակայությանն ի ցույց․․․

Friday, 21 December 2018

Մենք


Մեզ կարելի է գտնել ամենուր, ամեն քայլափոխի,
Մենք քայլում ենք նույն փողոցն ի վեր
Արևի արթնացման պահին
Ու ետ դառնում փողոցն ի վար՝
Նրա քնի ժամին:
Մենք սպասում ենք կանաչ լույսին,
Որ դեպի կյանք պիտի տանի,
Կարմիրի տակ հաշվում ակնթարթներ մի քանի․․․

Ինձ ու քեզ հաճախ փոխադրում է տրանսպորտային նույն միջոցը, երբեմն անգամ նստում ենք մենք իրար կողքի, իսկ երբ տեղ չի լինում, մենք ստիպված ենք լինում ամուր բռնել նույն ձողից ու շիկնել մեր մատների պատահական հանդիպումից, իսկ անսպասելի արգելակման պահին նետվել մի կողմ: Մենք խցանման մեջ ենք մնում միասին ու երազում քաղաքի թոհուբոհը մոռանալու մասին: Մենք խանութում երկար թափառում ենք՝ անցնելով գուցե նույն շարքերի միջով: Մենք սիրում ենք քայլել ու մտածել, մտածել քայլելով, քայլել մտածելով։ Մենք չենք սիրում դեղ խմել անգամ սուր գլխացավի դեպքում, մենք սիրում ենք պայքարել, թեպետ վերջում գիտենք, որ կուլ ենք տալու դառն այդ հատիկը կյանքի: Մենք չենք սիրում աղմուկ, մեզ կարելի է գտնել լույսից թաքնված մութ այն անկյունում` աղմուկի սիրահարներին հետևելիս:
Մենք մեր աղոթքն ասում ենք հաճախ
Նույն պատերի ներսում,
Բայց երկուսս էլ հավատ ու հույս
Մեր հոգում ենք կրում:
Մենք:
Ես և դու:
Իրար կողքի ապրող:
Իրար անծանոթ մարդիկ:

Tuesday, 18 December 2018

Եթե միայն․․․



Եթե միայն ինձ տաքացներ 
վառարանի ծուռ բերանից
դուրս պրծնել փորձող կրակը,
ես կսիրեի...
Ու թե միայն
մատներս այրեր հին ու 
ամուր թեյնիկի բռնակը,
ես կսիրեի...
Եթե միայն 
տուն գալիս լինեի լոկ
ցրտի համբույրներից շիկնած,
ես կսիրեի...
Ու թե միայն տաքության 
անսպասելի գրկախառնությունից 
ես հալչեի ու ցավ զգայի,
(որովհետև սառն ու տաքը
խառնվել են իրար)
ես կսիրեի...
Եթե միայն փաթիլը ձյան
(որ այտիս վրա շունչն իր առավ 
ու ետ` երկինք դարձավ)
երջանկության նման
կարճ կյանք չունենար,
ես կսիրեի...
Ու թե միայն ցուրտն ինձ սիրեր,
ես կսիրեի...
Ես կսիրեի ձմեռը: