Monday 21 January 2019

Ազատում



Լինում է նաև այդպես...
Մի օր էլ կյանքն ապտակում է դեմքիդ` 
Ձյան փաթիլների հետ սառն ու անսպասելի հանդիպում նշանակելով։
Կոտրված սիրտդ սկսում է փշուր-փշուր լինել 
Բարակ ու հին այն ապակե բաժակի նման, 
Որը քեզնից երկար էր ապրել։
Արցունքներդ խառնվում են արդեն իսկ հալչող ձյանն ու գոլորշիանում,
Զգում ես ամեն բան անգամ մատներով,
Ցավն ասես մատներիդ ծայրն է մինչև հասնում ու թվում է`
Կոտրվում են անուժ, ցրտից կարմրած ձեռքերը քո:
Աչքերդ, որ ամենից շատ ջերմության կարիք ունեն,

Ու որոնց տեսողությամբ հպարտանում էիր,
Սկսում են կուրանալ ձմռան արևից, որը միակողմանի սիրո է նման` 
Գեղեցիկ ու սպանող․․․
Ապա քո սիրելի մեղեդու հնչյունները սուր ու սպանիչ են դառնում, 
Ապրում ես ամեն բառն այնպես, ասես թույն ես ըմպում կաթիլ առ կաթիլ,

Զգում ես, թե ինչպես է հոգիդ ուժասպառ լինում` անճարությունից:
Ուզում ես գեթ մի բառ արտաբերել, բայց այս աշխարհը պատրաստ չէ քեզ լսել

Ու մնում է մեկ բան` կուլ տալ վերջին կաթիլը թույնի...
Քո ամենօրյա ճանապարհը դժոխք է տանում,

Որից որքան էլ ազատվել ես փորձում, չի ստացվում:
Եվ ինչու՞․․․
Քանի որ հաճախ չես ընտրում դու,
Ընտրում են քեզ:
Իսկ դժոխքից ազատվել կարող ես միայն,

Երբ դժոխքն այլևս քեզ չուզենա տեսնել: 
Լինում է նաև այդպես...


No comments:

Post a Comment