Thursday 26 July 2018

Արևի´ր, ավերի´ր...

Me


Արևի´ր ու թե անգամ արևելդ ինձ ավերել թվա, արևի´ր...

Արևի´ր, քանի որ ես սպասել եմ շատ երկար քո գալուն, սակայն չեմ կարողացել տեսնել քո պատկերը:
Ավերի´ր, որովհետև ես կանգնել եմ ուղիղ քո դիմաց, բայց չեմ տեսել քո ինձ այդքան օտար, բայցև հարազատ դիմագծերը:

Արևի´ր, քանի որ, լինելով անհույս լողորդ, ես ինքնակամ պատրաստ էի նետվել աչքերիդ անհատակ մթության մեջ:
Ավերի´ր, որովհետև իմ աչքից վրիպել են հաճախ նույն այդ մթությանն ապաստան տված աչքերը խոր

Արևի´ր, քանի որ, լինելով անտաղանդ նկարիչ, անգամ քո ստվերն էի նույնությամբ գծում
Ավերի´ր, որովհետև փախել եմ նույն այդ ստվերից, թեպետ այն միայն արդյունքն էր իմ երևակայության ու հայտնվում էր երբ մենակ էի բազմության մեջ:

Արևի´ր, քանի որ ես քաջություն եմ ունեցել փնտրել քեզ անգամ այն տեղերում, որոնց գոյությունն անգամ անհաղորդ է քեզ:
Ավերի´ր, որովհետև ես փախել եմ քեզնից, բայց փնտրել եմ քեզ բազմության նույն այն հոսքի մեջ, որի մեջ էի ու որից անջատ:

Արևի´ր, որովհետև ես գրել եմ քո մասին ու շատ հաճախ կարդացել նաև:
Ավերի´ր, որովհետև ամենից շատ ես քո մասին կարողացել եմ լռել:

Ավերի´ր, արևի´ր...

Ավերի´ր ու թե անգամ ավերելդ ինձ արևել թվա, ավերի´ր...

No comments:

Post a Comment