Sunday 13 September 2015

Տնակը


Ա՜յ, տեսնու՞մ ես հեռվում թառած այն տնակը,

Իսկ արահետ դարձած, հին ու փտած այն տախտա՞կը,
Իսկ հիշու՞մ ես՝ ինչպես անցար այդ բարդ ուղին,
Ինչպես վերջում հանգստացար տան առջևի սառը քարին,
Ինչպես անկշտաբար կլանեցիր մաքրամաքուր ջուրն աղբյուրի,
Ու, թե ինչպես աչքդ ծակեց կանաչ վառ գույնն այն մամուռի,
Որի համար պատերն աղբյուրի ապաստան էին դարձել,
Իսկ արևի շողերն ասես հաճախ այցի գալ մոռացել,
Իսկ կհիշե՞ս, թե որ ծառի հովն էր այնքան եսիդ գերել,
Այնքա՜ն, որ աչքդ հենց այդ մեկին նայելով էր հաճախ կպել, 
Իսկ, թե ինչպես էիր վախենալով կտուր ելնում,
Սակայն՝ ինչ ժպիտով տեսածդ հրաշքով լուռ հիանում,
Հիշում ես չէ՞ բույրը քո իսկ տնկած այն ծաղկի,
Որին ջրում, փայփայում, հետևում էիր, որ չթոշնի...
Ա՜խ, այդ տունը օրորոց էր մանկական,
Շեմքի հողը՝ օրհնված գանձ իսկական,
Տունն այդ մի եզակի օազիս էր անապատում,
Արահետն էլ դեպի օազիսն էր ուղիղ տանում,
Հիանում էինք հեռվում երևացող այն տնակով,
Ցանկանում էինք առաջինը ճամփա ընկնել արահետով,
Ու դնում էինք քայլը մեր լայն՝ ագահաբար
Ու կարծում էինք, որ մի քայլով տեղ կհասնենք՝ վստահաբար,
Մոռանում էինք, որ օազիսն այդ հեռվում է գտնվում,
Իսկ արահետն այնտեղ տանող միայն մեզ չէր պատկանում, 
Չէինք հիշում, որ մանկություն կոչվող այդ տնակում
Մենք գտնվում էիք լոկ այն հյուրի վիճակում,
Որը ոտք էր դրել օազիսն այն երանելի
Ու չգիտեր, որ հյուրերին այնտեղ երկար ապրել չի կարելի,
Ու լավ է, որ ցայսօր կա արահետն այն սիրելի, 
Ու այն տնակը, որ ապացույցն է խենթ հուշերի,
Տնակում հիմա ապրում են նոր տերերը նրա,
Ցավոք ես ու դու մանուկ այլևս չենք դառնա...
Բայց հոգ չէ իրավ, միայն թե տնակը մնա անավեր,
Որ հուշը մեր ունենա թևեր, ոչինչ առավել...

No comments:

Post a Comment