Tuesday 21 April 2015

Ժառանգն եմ ես 1.500.000 հայի

            Երբևէ մտածել էք՝ կարելի՞ է ցավը նկարագրել, ցավի մասին գրել...
Նույնն է, թե կացնահարածդ ծառից փթթել պահանջես, մինչ ի մոխիր հանգցրած կրակից՝ տաքացնել պահանջես, երաշտից մահամերձ, թոշնած ծաղկից՝ ծաղկել պահանջես՝ մոտալուտ փրկությունից պատսպարելով, մեռածից՝ շնչել, կյանքն իրապես պաշտողից՝ սեփական ձեռքով կյանքից զրկել պահանջես, որդեկորույս մորից, ծնողին կորցրած որբուկից՝ ժպտալ պահանջես, իր հավատքն ուրացածից՝ երդվել, ամենահայրենասեր զինվորից՝ դասալքություն պահանջես, թշնամուցդ՝ քեզ սիրել, ընկերոջիցդ՝ քեզ դավաճանել, ատել պահանջես, նկարչից՝ գունապնակի մասին մոռանալ պահանջես, երաժիշտից՝ իր գործիքի լարերը հերթով կտրել, ստեղները շարքից հանել պահանջես, փոքրիկից՝ իր ամենասիրելի խաղալիքից հրաժարվել, իմաստունից՝ չխորհել, գրողից՝ իր ձեռքի տակ եղած վերջին թանաքը ցամաքեցնել պահանջես, ամռանը հողից ձնծաղիկներ, ձմռանը՝ առատ բերք պահանջես, անամպ երկնքից՝ անձրև ու ամպոտից՝ արև պահանջես, շարժվել անկարողից՝ քայլել, խուլից՝ լսել, համրից՝ խոսել, ի ծնե կույրից՝ տեսնել պահանջես:




Թե նշված պահանջներից, որին եմ դասվում, չգիտե՛մ, բայց որ հոգիս կեղեքվում, ինձ, արդարացիորեն դատափետում, անխղճորեն ձաղկում է՝ փաստ է: Ո՞վ է մի ստահակ, (որին այս ածականն անգամ հաճոյախոսություն է, իրավ) որ խաչ քաշի ազգիս վրա՝ առանց գեթ մեկ ակնթարթ աչքը թարթելու...ա՜խ, միայն թե կույր լիներ նա...
Ու թե ամենազոր Աստված խաչվեց մեղավորներիս տձև և սխալական հոգիների փրկության համար, ապա 1,5 միլիոնի խաչը պահանջատիրություն, պարտք է մեզ ավանդում: Ու թե մի առիթով փաստեցի, որ պարտքը դահիճ է, որը կտրում է մեր ինքնասիրության գլուխը, ապա բա՛վ է անինքնասերի քողի տակ ապրենք, մենք պահանջում ենք արդարություն, թե կա այն, ընդհանրապես, պատասխանե՛ք՝ ո՞վ իրավունք ունի 1,5 միլիոն օջախի ծուխը մարելու, 1,5 միլիոն ուրախության չբացված սեղանի պատճառ դառնալու, 1,5 միլիոնին հրաշք կյանքի ամեն ակնթարթն, իրապես, վայելելուց զրկելու, 1,5 միլիոն մանկան ճիչը խեղդելու...ո՞վ․․․
Ժառանգն եմ ես 1,5 միլիոնի ու սարսափելի է անգամ գիտակցել, որ թվերն այս չարաբաստիկ, չոր այս փաստերը մեր ամենադաժան պատկերացումներում անգամ մոտ չեն իրականին:
Մենք միայն ցավ չէ, որ ժառանգել ենք, մենք ամեն գնով արդարության հասնելու ձգտում ենք ժառանգել, հասնելու ենք...: Գալու է արդարության ժամը, ու թե ձախլիկիս չստացված վրձնահարվածներում Մասիսն է, ապա՝ Սիսը... պատահական չէ ոչինչ պատգամ է հստակ «դարձի՛ր տեղդ, արդարությո՛ւն»:
 «Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...» Սիամանթո՛, երանի՜ գա այն օրը, որ ուրախ գոչեմ՝ պարզ է ճակատը արդարության...


No comments:

Post a Comment