Thursday 17 April 2014

Զգու՞մ ես հաղթանակի բույրը



Վերջ։ Որոշեցի չորոշել այլևս։ Ու՞մ են պետք մեր որոշումները, եթե անորոշության ենք դատապարտված։ Ու՞մ են պետք մեր խոսքերը, եթե ծնունդ առնելուց հետո անժամանակ վախճան են ունենալու։ Վերջապես ու՞մ ենք պետք, երբ ճամարտակում ենք մեր կարողությունների մասին, եթե ինքներս էլ մեզ լսել ունակ չենք։ Իզուր ենք սահմաններ գծում։ Հեշտ չէ՞ր լինի արդյոք առանց այդ երևակայական անտանելի գծերի։ Բայց մեր մարդկային տեսակին հարիր չէ հեշտասիրությունը։ Սահման գծի՛ր, որպեսզի չանցնես, անցնելու դեպքում դատափետի՛ր քեզ, որպեսզի ներես քեզ համար աններելին։ 

Դժվար է հասկանալ՝ մենք ավելի շատ ընկե՞ր ենք ինքներս մեզ համար, թե՞ թշնամի։ Եթե ընկեր ենք, ինչու՞ այդքան իմաստուն չենք, երբ ճակատագրի անիվի ընթացքը մեր կյանքում է ծավալվում։ Եթե թշնամի ենք, ինչու՞ ենք մեր իսկ խոցած վերքից լալիս։ Թշնամին կցնծար, կսպասեր մեր անկմանը, իսկ ընկերն անկումը տեսնելիս կամ կհեռանար իրեն ևս սպառնող ստվերից խուսափելու համար, կամ էլ անձայն կհետևեր այդ գործընթացին։ Քանի որ ճղճիմ է նա, որ մտածում է, թե անզոր է փոխելու, պայքարելու։ Հենց այստեղ հիշում ենք մեր իսկ ստեղծած սահմանների մասին և կրկին ետ դնում արված քայլը։ Դա անում ենք մեր ճանապարհի կեսին։ Այդպես անում է եզրագծին հասնող վազորդը, որն այդպես էլ ուժ չգտնելով, տանուլ է տալիս մրցապայքարում։ Հաղթում է ոչ թե նրանից ավելի ուժեղն, այլ՝ նա, որը գիտի՝ հանուն ինչի հաղթել, որն ամուր կառչած է գոյության կռվաններից ու մտքով ավելի ուժեղ է, ավելի արագ։ Այնպես որ, իմ ընկե՛ր, իմ թշնամի՛, իմ սեփակա՛ն ես, ուժ տուր բացել աչքերս, երբ դրանց չի սպառնում խավարից կուրացում, երբ դրանք չեն տեսնի անհաստատության սահմաններ, չեն հիասթափվի սեփական արտացոլանքը տեսնելիս, վերջապես լույս կբերեն այս լուսավոր աշխարհի խավար հոգիներին։
Սենյակում տոթ է․․․Շունչս չի հերիքում, երկվորյակներն այս անգամ արևի առատությունը փոխարինելու են մաքուր օդով։ Բացի՛ր պատուհանը, ե՛կ շնչենք։ Զգու՞մ ես հաղթանակի բույրը։


No comments:

Post a Comment