Saturday 29 March 2014

Ճանաչեցի՞ր


Եղանակը գիտի՝ ինչպես մարդուն կառավարել։ Ավելի ճիշտ, գիտի՝ ինչպես ազդել նրա տրամադրության վրա։ Մի՞թե ավելի հզոր է, քան մեր սեփական եսը։ Թեպետ մեր հզորությունը դեռևս հեռու է որևէ չափման ենթարկվելուց։ Քանի որ երբեմն ստիպված ենք լինում դառնությամբ փաստել«լեգենդ էր հզոր քո եսը, իրականում, այսօրվա տեղացած կարկուտից էլ թույլ ազդեցություն ունի։ Արագ ու մեծ ուժգնությամբ իր մասին է ճչում, մինչդեռ մի քանի րոպե, և այլևս ոչ ոք այդ մասին չի հիշում։ Բացի․․․»։


Բացի նրանցից, որոնք ընկան քո հարվածի տակ, հարվածիցդ ընկան։ Քո հզորության դառը քաղցրությունը ճաշակեցին, սակայն քո ներկայությունից իսկ պատսպարվելով, քո հզորության կաթիլները չորացնելով՝ քո անզորության հանգանակը կնքեցին ու մոռացության մի հետք փռեցին թաց հետքիդ վրա։ Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ աչքերիդ մեջ այդքան անզորություն ու նահանջ տեսել։ Քո այդքան անկեղծ ու զինաթափող ժպիտն այս անգամ վիրավոր զինվոր էր՝ թշնամու գնդակից խոցված ու ընկերոջ խոսքից մեռած
։ Ապրելու ցանկություն այն միշտ էլ ունի, ուզում եմ, որ մեկն այն նորից վառի։
Քայլում էի փողոցն ի վեր, ապա՝ վար, միտք չմնաց մտքումս, որ չհիշեմ, չմոռանամ ու մոռանամ հիշել։ Սպասում եմ․․․հետո մտածում «ու՞մ եմ սպասում, չէ՞ որ ինձ ընդառաջ եկող ու իմ մենակությանն ընկերակից չկա, եթե կա էլ, ի՞նչ իմանա, որ մի խենթ էակ իրեն է սպասում՝ անկոչ ու ցանկալի այդ հյուրին»։ Երևի վառվում ես, կարմրել ես ու թեթև բարկությամբ բողոքում ես «տեսնես՝ ո՞վ է այսքան իմ մասին խոսում, մտածում»։ Իսկ դու չգիտես, որ կան մարդիկ, որ քո կարիքն ունեն, որոնց խենթ մարտիվերջյան ու մռայլ օրվա ամենասպասված արևը դու ես»։

Այդ օրը ես այդպես էլ չիմացա, որ մեկի համար այդպիսի նշնակություն ունեմ ու ուշադրություն էլ չդարձրի, որ ի հեճուկս ցուրտ եղանակի՝ կարմրել ու վառվում էի ես ևս։ Գու՞ցե իմ վերաբերմունքը և ինձ վերաբերմունքը հակադիր բևեռներում էին, բայց երկու դեպքում էլ կար մի բան, որ միավորում է մեզ՝ հզորություն՝ ինձ պես անզոր ու քո պես հզոր, ինձ պես պարտված ու քո պես հաղթած, բայց իմն այս անգամ տարբերվում է։ Իմ հզորությունն ավել է լինելու, չէ՞ որ պարտված ու անզոր մարդը գիտի՝ ինչպես հասնել այդ բաղձալիին՝ հզորության դռանը։ Իսկ դու մի՛ մոռացիր, որ հզորությունը կարկուտի է նման ստիպում է յուրաքաչյուրին շեղել ուշադրությունը, հետևել իր հանդուգն ընթացքին, բայց մոռացվում է այն, երբ դու՝ հզոր հաղթածդ, աներևութանում ես արևի շողից ու երբեմնի ժպիտը սկսում է ապրել կրկին։ Աննահանջ աչքեր, զինաթափող ժպիտ ու վաղվա սպասված արև, ճանաչեցի՞ր քեզ, - բարև․․․

No comments:

Post a Comment