Monday 20 January 2014

365


365 չասված խոսք ու չարտաբերված միտք: Եթե ամեն օրվա համար ընդունենք մտքի միայն մեկ փայլատակում, ապա՝ միջին հաշվարկով հենց այսքան կկորցնենք՝ տուրք տալով վախի ու անիմացության գերիշխանությանը: Սա, անգամ, լավատեսական արդյունք է թվում:
Իսկ երբևէ խորհե՞լ ես՝ ի՞նչ կնշանակեր այն միտքը, որին քո շուրթերը ծնունդ տալով, գործողության վերածելու հիմք կարող էին դառնալ: Բայց չկարողացան ու մնացիր կրկին անօգնական: Անչափելի է մեր կորուստը, երբ սեփական մտքի ու հոգու առաջ փակվում են գիտակցություն անունը կրող թագավորության դարպասները: Մենք դառնում ենք սպասավոր, իսկ մի՞թե ավելին էինք մինչ այդ: Դա էլ չգիտենք:

                    

Ամեն տարի մարդն ավելի է իմաստնանում, երբ փորձի և իմաստության ավազե ժամացույցն օրեցօր ավելանում է ուրախության, վշտի, հաջողության, դառնության, ժպիտի ու արցունքի հատիկներով, նա դառնում է փորձառու, բայց էլի մնում է սպասավորի ստորացուցիչ թվացող քողի տակ: Իսկ ի՞նչ, եթե դա ավելի մեծ արժեք ունի, քան վերամբարձ արքայի տիտղոսը: Դու ավելի մեծ իշխանություն ունես, որովհետև չես հրամայում: Դա այնքա՜ն հեշտ է… դու փորձում ես կառավարել ինքդ քեզ, իսկ դա ամենադժվար առաքելությունն է:

Թո՛ղ ես լինեմ սպասավոր, բայց հասնեմ այդ երանելի պահին, ու չասված խոսքն ու չարտաբերված միտքը թևեր առնեն՝ թռչելով անազատության խորհրդանիշ վանդակից: Ապրել ու արարել  365 +/- միտք ու կյանք ամեն տարվա համար:

No comments:

Post a Comment