Sunday 15 September 2013

Հանուն Կյանքի, Կյանքին դեմ


 Առերևույթ, անկարևոր թվացող այդ միջադեպը, սակայն, տրտմության մի բարակ շերտ թողեց իմ հոգում` ինչպես թեժ կրակի վրա սփռվում է մոխրի թափանցիկ շերտը:
Գիտեի, որ այդ ամենը մոռանալու փորձերն էլ կարող են անտեղի լինել: Մարդկային շունչը կարող է անէացնել մոխրի թափանցիկ շերտը: Հարկավոր է միայն մեկ շունչ: Արտաշնչում ես և հասկանում, որ ջնջեցիր երբեմնի հետքը: Սակայն հոգում սփռված շերտերն անհամեմատ դժվար են աներևութանում: Առհասարակ, արդյոք աներևութանում են: Դժվար է ասել` ով է մեղավոր. Այսօրվա աշխա՞րհը, թե՞ աշխարհիս արդեն իսկ ստրկացված զավակներս:
Մի բան պարզ է` ինչքան մեղավորներ փնտրենք, այնքան կհեռանանք մեր իսկ խնդրի լուծումից: Սա ավելի վատ է և, խոչընդոտելով խնդրի լուծմանը, խթանում է նոր հոգեկան ցավերի արթնանալուն, և լույսի աղոտ տեսլականն անմիջապես պատվում է անիմացության քողով:


Փորձում ենք գտնել ուղին, սակայն մեր գործողությունները տանում են փակուղի, առաջանում են նոր ու հակոտնյա տեսակետներ: Իսկ որտե՞ղ է թաղված շան գլուխը: Շեքսպիրի Համլետը համանուն ողբերգությունում պնդում էր` ժամանակը դուրս է սայթաքել շավիղից: Ես, իրավամբ, համաձայն եմ: Այդ դեպքն էլ լավագույն ապացույցն էր ինձ համար:
Ես հասկացա, որ այս ժամանակներն են թելադրում քայլերդ, և յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել, քանի որ ոչինչ այդքան ուժեղ չի հարվածում, ինչքան կյանքը: Պետք է լինել այնքան ուժեղ, որ ոչ թե հակահարված տաս, այլ` դիմադրես հարվածին: Միայն այդ դեպքում է, որ մարդ փյունիկի պես կհառնի մոխրից:


No comments:

Post a Comment