Thursday 24 January 2013

Գեղեցկագույն ծաղիկ Ժասմինն ու արևելքի արքայազնը

Կար ժամանակ, երբ ապրում էր մի գեղեցկուհի, նա ծաղիկների իշխանության ամենաբուրումնավետ ծաղիկն էր` Ժասմինը: Յուրաքանչյուր օր` արևածագից մինչև արևամուտ, տոն էր նրա սքանչագեղ արքունիքում:
Նրա արքայությունն ապրում էր խաղաղ ու անհոգ: Ամեն բան գնում էր իր հունով, մինչև...Մինչև ասիական հեռու երկրներից փչող քամին գուժեց կամ էլ ավետեց նոր արքայազնի գալուստը: Ժասմինն ու նրա երկնային հոգին ալեկոծվել էին աըդ լուրից, այդ լուրն  
այդքան էլ չէր ոգևորում արքայադստերը:
Ծաղիկների թագավորությունը հավուր պատշաճի էր պատրաստվում արքայազնի և նրա պալատականների գալստյանը: Եվ ահա նրանք ժամանեցին:
Չքնաղ ծաղկի մտատանջություններն արդարացի էին, նրան դուր չեկավ արքայազնի գալուստն ու դրանից բխող հետևանքների տեսլականը: Սակայն կար մի փաստ, որը ջնջել կամ փոխել չէր կարող նույնիսկ հզոր քամիների աստվածը, ոչ էլ ծովերի աստված Պոսեյդոնն էր ի զորու խորտակելու, այն ինչ ծնվեց հետագայում:
Արքայազնը իրոք հմայված էր ծաղիկների թագուհու նայվածքով, նա սիրահարված էր...պնդում էր` կպոկի ու կտանի արքայադստերը, կտանի արևելքի այն հեքիաթային երկիրը, ուր ծաղկի բուրմունքն էր պակասում: Արքայադուստրը դեմ էր, կամ էլ` կողմ...սա ճշգրիտ չէ, որովհետև ծաղիկների հոգին կարդալ քչերին է հասու:
Ինչևէ, եկավ արքայազնի մեկնման պահը, սա կարծես կարող էր տալ բոլոր հարցերի պատասխանն ու դնել վերջակետ այս պատմությանը: Սակայն կյանքի անկանխատեսելի գիրքը այլ բան էր պատրաստել նրանց համար և երկիր ուղարկելով իր բազմափորձ հեղինակին, խնդրել էր նրան պատմության վերջին էջում դնել ո՛չ թե վերջակետ, այլ` բազմակետ: Սա նշանակում է, որ պետք է սպասել, սա մի հատկություն է, որով օժտված են ընտրյալներն ու իրական սիրահարները: Միայն պատմության ավարտը ցույց կտա, թե որի մեջ էին մտնում գեղեցկագույն ծաղիկ Ժասմինն ու արևելքի արքայազնը:

No comments:

Post a Comment