Friday 11 October 2019

Մայթեզր




Մայթեզրի հիմնական գործառույթը մայթն ու ճանապարհը միմյանցից առանձնացնելն է: Երբ ոտքերդ հասնում են մայթեզրին, զգում ես, որ շատ քիչ է մնում մոխրագույն ճանապարհի հետ գունավոր հոգիդ ձուլելու համար:
Փորձում ես հավասարակշռությունդ պահել ու հաստատուն քայլել մայթեզրի խորդուբորդ եզրը չտրորելու ու ավելորդ ցավ ինքդ քեզ չպատճառելու համար:
Մայթեզրերի որոշ հատվածներում բաժանում կա` հարկադրված... գուցե` տարիների մաշվածության կամ դժբախտ պատահարների արդյունքում առաջացած բաժանում, երբ սասանվում է մայթեզրի ամբողջականությունը և ճանապարհին խոնարհում անխախտ թվացող միությունը:
 Հետո, միության փշրված ապացույցները հայտնվում են աղբարկղում, լցվում են ջրերի մեջ կամ պարզապես փշուր-փշուր լինում` էլ ավելի մանրանալով մարդու ոտքի ու փոխադրամիջոցի հետ անախորժ շփումից: Ու երբ թվում է, թե այդ միությունն այլևս անցյալում է, մարդու միջամտությամբ (մարդը միայն քանդել չէ, որ կարողանում է) նոր հանգույց է ծնվում` կապելով հին կեսերին` նոր ու թվում է՝ ավելի ամուր եղանակով: Շատ դժվար է լինում ընդունել նորեկին ու նույն կերպ գրկախառնվել այն դեպքում, որ այն ավելի թարմ տեսք ունի... դժվար է, քանի որ օտար է, ու ժամանակ է պետք նրան ընդունելու համար: Մարդու, փոխադրամիջոցի (օրինազանց տերերի փոխադրամիջոցի մասին է խոսքը, քանի որ հենց նրանք են ձգտում հպվել արգելված պտուղի նման քաղցր և իրենց՝ օրենքի շրջանակում բաժին չհասնող, հատվածին) շփում է պետք, փոշեհատիկներ են պետք, սայլակի անիվի հետք է պետք, անձրև ու կիզիչ արև է պետք, որ գույնը «տեղը գա», ինչպես դաշտերից քաղաք եկած կարմրաթուշ մշակի դեպքում, որ զարմանում է սպիտակամաշկ ու  այրող արև չտեսած հայացքների հանդիպելիս:
Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում, քաղաքի արևը իր հետքն է թողնում, մայթեզրի երկու կեսերը միացնող հանգույցը ձուլվում է:
Սա այն դեպքում եթե գտնվի մեկը, որին հուզում է նրանց միությունը, իսկ թե այդպիսին չկա, անորոշ ժամանակով երկու մասերը մնում են անհանգույց` միմյանցից բաժանված ու ցանկության դեպքում անգամ մեկնվել անզոր:
Մենք նման ենք այդ մայթեզրերին, կարող ենք քանդվածն անտեսել կամ հակառակն անել՝ կառուցել ու մաս-մաս եղած հոգուն նոր շունչ ներարկել:
Զգո՛ւյշ, մայթի վրայով քայլի´ր, ճանապարհից հեռու: Հանկարծ չընկնես. մայթեզրի այս հատվածը քանդվել է:

No comments:

Post a Comment