Sunday 6 March 2016

Ես կարող էի լինել



Ես կարող էի, ու կարող էի, կարող էի…

Ես կարող էի լինել ձնծաղիկը` քեզ գարուն ավետող 
Ու կարող էի դառնալ մտքերիցդ պոկված, մինուճար մի տող,
Ես կարող էի արևի փայլից կուրանալ, ցնդե՜լ
Ու կարող էի հայացքիդ անհուն խորքերը սուզվել:

Ես կարող էի, կարող էի որսալ ամպիկը մոլոր
Ու կարող էի, կարող էի կանաչով ներկել ծիլերը բոլոր...
Ես կարող էի սլանալ, հասնել անգույն քո ստվերին
Ու կարող էի մի քանի վայրկյանով դառնալ անցյալին:

Ես կարող էի նկարել հիշողության մի ամբողջ կտավ
Ու կարող էի վրձինը դառնալ, չէի ընկրկի, բնավ
Ես կարող էի գրքիդ մեջ չորացված ծաղիկը լինել
Ու կարող էի այդ ծաղկի վնասված թերթիկը լինել:

Ես կարող էի պատից կախված հին մի ժամացույց լինել
Ու կարող էի ընթացքից հոգնած, կանգած մի սլաք լինել
Ես կարող էի բազմիցս երգված մի հին երգ լինել
Ու կարող էի վաղուց մոռացված, անհայտ հեղինակ լինել:

Ես կարող էի մատնվել քամու վայրագ ընթացքին
Ու կարող էի շատերի առաջ բացել իմ հոգին
Ես կարող էի դառնալ միայնակ մի խենթ ուրու
Ու կարող էի մեկնել սահմանումը թվացյալ բարու:

Ես կարող էի այդքան հարազատ մատները լինել
Ու կարող էի օտար ու սառը, կոպտացած լինել
Ես կարող էի չլինել մեկը նրանցից
Ու կարող էի դառնալ մեկը մեզանից:


Ես կարող էի, ու կարող էի, անկարող էի...

2 comments: