Saturday 4 April 2015

Կուրություն




Աչքերս բաց են, սպասում են թարթեմ,

Ուղիղ նայելուց հոգնել են արդեն:
Ինձ մեղադրում են իրենց մեջ եղած թախծի համար,
Իրենց իսկ հատուկ մթության համար,
Հաճախ, բացահայտ լիության համար,
Մեկ-մեկ էլ իրենց իսկ թաքցնող, ուրիշի աչքերից
Խոնարհաբար փախչող էության համար:
Վերջերս ասացին՝ մեծ են աչքերս,
Ինձ համար շա՜տ մեծ,
Գուցե, տեսածն էլ շատ է ավելի,
Իսկ նկատածն էլ՝ անբեկանելի...
Տեսնում է՝ լռում, ափերում մնում,
Դրա համար էլ ներս է այն թափվում,
Ալեկոծության պատճառ է դառնում, 
Ինձ է այն պատժում, ինձնից նեղանում,
Որ պարտքս թարթելու լավ չեմ կատարում,
Շատ բան եմ տեսնում, ավելին՝ հիշում,
Տեսածս անտեսանելի անվամբ եմ կնքում,
Ինձ եմ ես ձաղկում, որ թույլ եմ այդքան՝
«Ինչու՞» հարցին չունեմ պատասխան:
Ես էլ չգիտեմ՝ որն է մեղքս,
Որ, այդպես էլ, ոչինչ չի վրիպում աչքիցս,
Փոխարենը՝ ես եմ վրիպում...
Ձեր արդար, անվրեպ այն աչքերում՝
Ես եմ ընկրկում, ու կրկին փաստում՝
Անտաղանդ եմ ես՝ կույր չեմ ձևանում,
Լավ է տառապել այն հիվանդությամբ
Ինձ անծանոթ այդ հավկուրությամբ:

No comments:

Post a Comment